«Կարծես պինգ-պոնգ լինի՝ ՀՀԿ-ն՝ «Իմ քայլին», «Իմ քայլը»՝ ՀՀԿ-ին». Կարեն Քոչարյանը՝ քարոզարշավի մասին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նախընտրական քարոզչությունը հիմնականում սև-սպիտակի տրամաբանության մեջ է։
«Այնպիսի տպավորություն է, կարծես պինգ-պոնգ լինի՝ ՀՀԿ-ն «Իմ քայլին», «Իմ քայլը»՝ ՀՀԿ-ին։ Մնացածն ուշադրությունից դուրս են մնում։ Այստեղ շահում է ՀՀԿ-ն, քանի որ «Իմ քայլը», այսպես թե այնպես, շահած է։ Ինչ էլ լինի՝ «Իմ քայլը» հաղթելու է։ Այդ ուժը, իհարկե, ինքնահաստատվելու կարիք չունի, այն առանց այդ էլ բարձր վարկանիշ ունի։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, թեև այդ ուժն ընտրողների հետ հանդիպումներ չի անցկացնում, «Իմ քայլը» նրա մասին խոսում է։ Ես մեկ ամիս է՝ ասում եմ, որ ՀՀԿ-ի անցնելու շանսերը մեծ են, կան մարդիկ, ովքեր քսան և ավելի տարի նրանց իշխանության օրոք իրենց շատ հարմարավետ են զգացել։ Եթե ՀՀԿ-ն կարողանա ուժերը լավ կոնսոլիդացնել, հնարավորություններ կունենա»,- ասաց նա։
Կարեն Քոչարյանն ամենից շատ հավանում է «Մենք» դաշինքի քարոզարշավը. «Նախ, շատ կրեատիվ են աշխատում, երկրորդ՝ շատ ակտիվ են։ Ինձ շատ դուր եկավ, որ Արամ Սարգսյանը դեպի Գյումրի քարոզարշավը սկսեց «Տղամարդիկ» արձանի մոտից՝ հայտարարելով, որ Գյումրին տղամարդկանց քաղաք է»։
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա, ըստ նրա՝ այդ կուսակցությունն անում է այն, ինչ միշտ արել է. քարոզարշավը հիմնականում կառուցված է Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա. «Նա երկրորդ տեղը զբաղեցնելու ամենամեծ շանսերն ունի»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն էլ, նրա խոսքով՝ փորձում է պահպանել «Ելքի» դիվիդենտները, որոնք մնացել են նշված դաշինքից դուրս գալուց հետո։
«ՀՅԴ-ն իր հերթին՝ հասկացել է, որ ամեն ինչ կորցրել է, նրանք այս պահին երբևէ ունեցած ամենացածր վարկանիշն ունեն»,- նկատեց նա։
Քաղտեխնոլոգը զերծ մնաց ընտրությունների արդյունքների հետ կապված կանխատեսումներ անել, միայն նշեց, որ նորեկների շանսերը շատ փոքր են. «Սակայն դրանցից որոշները, օրինակ, ՔՈ-ն, շատ լավ քարոզարշավ է տանում։ Զգացվում է, որ իրենք պատրաստվում են ապագային։ Լևոն Շիրինյանն էլ լավ ծրագրեր է առաջարկում, սակայն նրա մոտ չկա խարիզմա և կրեատիվ։ Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա նրանցից շատ տոկոս տարել է Նիկոլ Փաշինյանը, ով ամիսներ առաջ ապացուցեց, որ առանց արյան կարելի է հեղափոխություն անել»։
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին, Քոչարյանը նշեց, որ երկրում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ հասարակությունը մեկ վայրկյան իսկ չի կասկածում, որ նա մեղավոր է.
«Խնդիրն այն չէ՝ Սիլվա Համբարձումյանը ճի՞շտ է ասում, թե՞ ոչ, կամ Արամ Հարությունյանն ինչ կասի։ Խնդիրն այն է, որ հասարակության մեծ մասը վստահ է, որ Արամ Հարությունյանն արել է դա։ Էականն այն չէ՝ ճի՞շտ է դա, թե՞ սուտ, էականն այն է, որ հասարակությունը չի կասկածում՝ սա թալան է։ Սա է ամենամեծ պրոբլեմը։ Պետք է կամաց-կամաց հանել այն համոզմունքը, որ, եթե օլիգարխ է, բացառվում է, որ նա մաքուր աշխատած լինի»։