«Մենք առայժմ ընդդիմություն ենք, և դա շատ լավ գիտի ներկայիս վարչախմբի պարագլուխը». Դավիթ Շահնազարյան
«Մեր պետությանը, մեր ժողովրդին փաթաթվեցին ընտրություններ՝ մեկ մարդու կամքով։ Սրանք սովորական ընտրություններ չեն. դեռ երբեք մեր անկախության երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում մենք կանգնած չենք եղել նման ծանր մարտահրավերների առջև»,- ՀՀԿ համակիրների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
Մարտահրավերներն, ըստ նրա՝ ուղղված են ոչ միայն Հայաստանի պետականությանը, այլ, առաջին հերթին, Արցախին. «Մենք ընդունել ենք այդ մարտահրավերը։ Հակառակորդը նենգ է, զուրկ քաղաքական, բարոյական որևէ սահմանափակումներից, զուրկ է քաղաքական բովանդակությունից, և այն, ինչ կատարվել է, կոչում է հեղափոխություն։ Հեղափոխությունը դեռ չի եղել, այն դեռ պատրաստում են։ Այսօր մենք ունենք քաղաքական այնպիսի թիմ, ինչպիսին չունի ոչ մի այլ քաղաքական ուժ, կամ կուսակցություն՝ բոլոր մնացած 10-ը իրար հետ վերցրած։ Այս պայքարում մենք պետք է լինենք անզիջում, առանց որևէ դիվանագիտության, որովհետև չենք թույլատրելու այն, ինչ նրանք ծրագրավորել են»։
Դավիթ Շահնազարյանն ընդգծեց՝ պետք է Արցախն ու Հայաստանը պաշտպանեն հեղափոխությունից. «Եկեք՝ մի վայրկյան հիշենք՝ մեր ժողովրդի և հայության համար ինչ նշանակություն են ունեցել հեղափոխությունները։ 1908թ., Օսմանյան կայսրություն. Երիտթուրքերի հեղափոխությունից ստացել ենք 1915թ.։ 1917թ. Բոլշևիկյան հեղափոխություն. Մենք ստացել ենք ռուս-թուրքական պայմանագիր։
Եթե ներկայիս իշխանությունները ծրագրում են իրականացնել ևս մեկ հեղափոխություն՝ նույն սցենարով, մենք դա կանխելու ենք։ Ես կրկնեմ դասական խոսքեր՝ եթե ոչ հիմա, ապա երբ, եթե ոչ մենք, ապա ով։
Լինելով երրորդ հանրապետության հիմնադիրներից մեկը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք առայժմ ընդդիմություն ենք. այնտեղ ինչ-որ մարդ վատացավ, որովհետև առայժմ է, դա ամենից լավ գիտի ներկայիս վարչախմբի պարագլուխը, որևէ կասկած դրանում չունենաք։ Եվ այո, եթե մտահոգ ես, պարտավոր ես քվեարկել Հանրապետկանին, եթե քեզ համարում ես ՀՀ քաղաքացի, պարտավոր ես քվեարկել ՀՀԿ-ին։
Մենք ակնկալում ենք և վստահ եմ, որ ստանալու ենք ՀՀ մտահոգ քաղաքացիների ձայները, ուրախ տղաների ձայները մեզ պետք չեն։ Հակառակորդն ունի կեղծիք, սուտ և հայհոյանքն ուզում է բարձրացնել արվեստի աստիճանի։ Որ օրը մեզ սկսեցին քիչ հայհոյել, ուրեմն շատ վատ ենք աշխատում»։
Վերջում նա հավելեց, որ սա իրենց համատեղ պայքերի առայժմ առաջին փուլն է. «Այս վարչախմբի մեկ օր ավել մնալը մեծագույն վտանգ է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում