
«Գահերի խաղի» հատուկ էպիզոդը կմիավորի տարբեր եթերաշրջանների դերասանների

HBO ամերիկյան հեռուստաալիքը, որն զբաղվում է «Գահերի խաղի» ստեղծմամբ, հաստատել է, որ նկարահանվել է հատուկ էպիզոդ, որտեղ կհայտնվեն անցած եթերաշրջանների դերասանները, որոնց թվում կլինի Շոն Բինը՝ Նեդ Սթարքի դերում:
Այդ մասին հայտնել է Entertainment Weekly հրատարակությունը: Հրատարակության տվյալներով՝ էպիզոդն այս տարի ավելի վաղ նկարահանվել է Բելֆասթում: Բացի Նեդ Սթարքից, հատուկ սերիայում կարող է հայտնվել նաեւ Քհալ Դրոգոն: Ջեյսոն Մոմոան, որը Քհալի դերակատարն էր առաջին եթերաշրջանում, էպիզոդի նկարահանման ժամանակ եղել է Բելֆասթում:
Սակայն նշվում է, որ հեռուստաալիքը չի պլանավորում էպիզոդը ցուցադրել եթերով: Այն կմտնի «Գահերի խաղի» բոլոր եթերաշրջանների նոր հրատարակության մեջ, որը HBO-ն թողարկելու է 2019 թվականին, բայց արդեն սերիալի ավարտվելուց հետո: Սերիալի ստեղծողները, որը դարձել է պատմության մեջ առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկը, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ են ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: