Բաժիններ՝

Օգտակար լինելու արվեստը

Եվ այսպես, ավարտվում է 2018թ.։ Իր բովանդակությամբ այն արժե անկախության շատ հերոսական, բարդ և, միևնույն ժամանակ, ամոթալի տարիները։ Այո, 2018 թիվն անսովոր տարի է, և ոչ միայն այն պատճառով, որ իրականացվել է, այսպես կոչված, «թավշյա հեղափոխություն»։ Եվ ոչ այն պատճառով, որ ժողովուրդը կանգնեց պաշտպանելու իր սեփական պատիվը ու իր սեփական երկրում ապրելու իր իրավունքը։

Ժողովուրդներն ապրում են անցյալով, ներկայով և ապագայով։ Եվ նրա ապագան արդեն լեցուն է անցյալով։ Դրա համար էլ, այսպես կոչված, Հայաստանի անկախության պայմաններում իշխանության մեջ մտած յուրաքանչյուր նոր սերունդ իրականացնում էր քաղաքական և տնտեսական տեռոր։ Եվ գրանտներով ընտրված երիտասարդության այսօրվա նոր ալիքը պակաս ցինիկ չէ, քան նախորդ Հանրապետականը։

Այժմ ես կբացատրեմ, թե ինչո՞ւ եմ ես այս երկուսին հավասարեցնում միմյանց։ Պարզապես գոյատևման հայոց բարդագույն պատմությունը ստեղծել է հայի այս կայուն, հնարամիտ տեսակը։ 25 տարի առաջ ես այդ տեսակը բնորոշել եմ՝ որպես «ինքն իր վրա հույս դնող»։ Հնարամիտ կամ «ինքն իր վրա հույս դնող» մարդու տեսակը ծայրահեղ հազվադեպ է միավորվում գաղափարական նկատառումներով։ Ինչո՞ւ եմ ես գրում նրա մասին։ Որովհետև հայի այս տեսակը կայուն կերպով դարեր ի վեր ընտանիք է ստեղծում, երեխաներ է ունենում ու փորձում է կառավարել ժողովրդին ու պետությունը՝ մեր ժողովրդի միջից դուրս վանելով մարդու այլ տեսակներին։

Հենց այս տեսակն է, դժբախտաբար, կազմում ազգի կորիզը։ Այսօր հայ հասարակության ներսում հայի այս տեսակը կազմում է 65-70 տոկոս։ Այնպես որ, մեծ Չարենցի կարգախոսը կարգախոս կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հայի այս տեսակը չի իջել հասարակության ներսում մինչև 50 տոկոսի սահմանը, ինչպես դա ԽՍՀՄ վերջին տարիներին էր։

Կարդացեք նաև

Երկրի փլուզման հետ մեկտեղ՝ այսպես կոչված, ազատությունից հիասթափությունը վախեցրեց հայի այն տեսակին, ով իր հաջողությունը տեսնում էր հաջող պետականաշինության մեջ։ Այն ժամանակ նոր-նոր էր ձևավորվում ու շերտավորվում հայի այն տեսակը, ով իր հաջողությունն ընդհանուր գործի մեջ էր տեսնում, բայց նա չդիմացավ Ազատ Հայաստանի հնարամիտ մարդկանց ցինիզմին ու լքեց երկիրը։

Ինչո՞ւ է այդքան վտանգավոր «ինքն իր վրա հույս դնող» տեսակը։ Ինչպե՞ս է մարդու այս տեսակն աշխատում Հայրենիքում և Սփյուռքում։

Նախ՝ հայերի մոտ միատեսակորեն չկա վախ այլ էթնիկ միջավայրի կամ այլ պետական համակարգի նկատմամբ։ Գոյատևման գործիքակազմը նա վերցնում է ազգային ավանդույթներից. դա նախ և առաջ՝ ամուր ընտանիքն է, կրթությունը, շահութաբեր արհեստը, բարեկամները կամ շահավետ կապերը…

Այսպիսի ինդիվիդի մոտ գաղափարախոսությունը կառուցված է հայրենասիրության հիմքի վրա, հաճախ՝ դատարկ հայրենասիրության, բայց նա կարող է անկեղծորեն հավատալ դրան։

Ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը հայերին իռլանդացիների հետ էր համեմատում։ Նա ասում էր, որ իռլանդացիներն ունեն «Ուզում ես, որ ես քեզ սիրեմ, մեռիր» արտահայտությունը։ Հայերի մոտ այս միտքը հնչում է այսպես. «Գնա մեռիր, արի՝ սիրեմ»։

Ո՞րն է ասվածի էությունը. այն է, որ այս ազգերը վատ են հասկանում սելեկցիան և խստիվ օբյեկտիվ չեն իրենց ընտրության մեջ։ Ահա դրա վառ օրինակը։ Երբ Իռլանդիան անկախություն ստացավ (այնպիսին, ինչպիսին մերն էր), այդպիսի կպչուն իռլանդական հայրենասիրության պատճառով հայրենիքը մեկընդմիշտ լքեցին իռլանդական իմաստնության այնպիսի մեծ զավակներ, ինչպիսիք են գրողներ Ս. Բեքքեթը և Ջ. Ջոնսը, քանի որ նրանց համար տհաճ էր ազգային արժանիքների դատարկ գովեստը, երբ մարդը կորցնում է իր արժանապատվությունը։ Բայց եկեք վերադառնանք մեր վերլուծությանը։

Հանուն օբյեկտիվության՝ ասեմ, որ հնարամիտների համակարգ ընկնում են նաև արժանի մարդիկ ու ընտանիքներ, ավելի արագ, արդյունավետ ու ամուր ձևավորվում է այն շերտը, որը հեշտ է գլուխ հանում օրենքից ու նույնքան հեշտ ապրում անօրինության պայմաններում։ Նրանց համար պետությունը ռեպրեսիվ մեքենա է, այլ ոչ թե՝ անձի զարգացման, ինչպես նաև՝ մարդու ունակությունների արտահայտման ու արարման տարածք։ Սրանում է և ողջ տարբերությունը։

Արդարությունը նրանց համար ունի երկու դեմք. մեկը՝ իր յուրայինների, մյուսը՝ մնացածի համար։ Իրերի այսպիսի դասավորվածության հետ չհամաձայնողները դառնում են լուսանցքից դուրս թողնվածներ ու լքում են հայրենիքը։

Հայաստանին ամենամեծ վնասը հասցրել է 3 նախագահների անկախ-կախյալ իշխանությունը։ Բոլոր երեք նախագահներն էլ ամենագլխավոր հարցում՝ ժողովրդի հանդեպ իրենց վերաբերմունքի մեջ, շատ քիչ են տարբերվում միմյանցից։ Նրանք միատեսակ անտարբեր են եղել իրենց ժողովրդի նկատմամբ։ Նրանք արել են ամեն բան, որ կործանեն ազգի ինքնագիտակցության 3 վեկտորներից մեկը՝ գյուղացիությունը։ Ամբողջական գյուղերով գյուղացիները հեռանում էին իրենց էթնիկ տարածքներից, ուր ապրել էին հարյուրամյակներով։

Մրցունակ մտավորականության մեծ մասը լքեց Երևանն ու Հայաստանի այլ քաղաքները։

Մեջբերեմ նախորդ դարի 30-ական թթ. շվեդ քաղաքական գործիչ Հանս Ենսենի (1901-1971) բառերը՝ «Երբ երկրից հեռանում են գիտնականները, ինժեներները, բժիշկներն ու մտավոր աշխատանքի այլ ներկայացուցիչները, ապա հետո այդպիսի երկրում իշխողներ են դառնում գործարարները, քաղաքական գործիչներ՝ փլեբեյներն  ու փողոցից եկած տականքները, իսկ Խորհրդարանի պատգամավորներ՝ շուկայի վաշխառուները, մարզիկներն ու արտիստները…»։

Այսօր հայ ժողովրդի քայքայված ու ցրված ստեղծարար ուժերն ապրում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրոպայի շատ քաղաքներում…

Այսօր իշխանության 3 վեկտորները՝ վարչապետը, Խորհրդարանն ու նախագահը, ցանկանում են, յուրաքանչյուրն իր դիրքերից, երկիրը դնել օբյեկտիվ ռելսերի վրա։ Ինձ թվում է, որ Խորհրդարանը դեռ, ինչպիսին էլ որ այն լինի, պատրաստ չէ խելամիտ վերլուծության, Նիկոլ Փաշինյանի մասին ԶԼՄ-ներում շատ բան է ասված, ես միայն կասեմ, որ նա դեռ կբացահայտի իր թաքնված հնարավորությունները։ Նա նոր-նոր է կառուցում տարածաշրջանային իրողություններն ընկալելու իր համակարգը, ինչը շատ կարևոր է։

Արմեն Սարգսյանը՝ իր իրավասությունների սահմաններում և մի փոքր էլ ավելի, կատարում է չորրորդ նախագահի պարտականությունները։ Կարծում եմ՝ նա քաղաքականության հասուն, հմուտ վարպետ է՝ օգտակար՝ ինչպես կրթված, այնպես էլ՝ շատ բան չկարողացող երիտասարդության, ինչպես նաև պետական այրերի համար, որոնց կուլտուրան խոսքի ու մտքի մեջ չէ, այլ թանկարժեք փողկապ կրելու։ Արմեն Սարգսյանը, ինչն ամենակարևորն է, իր ներկայությամբ երիտասարդ բյուրոկրատիային նրբորեն ցույց է տալիս ինտելեկտի այն պաշարը, առանց որի չկան շփման կուլտուրա, դիվանագիտություն ու բանակցությունների արվեստ, չկա միջազգային ճանաչում։ Ու չկան իրական հաղթանակներ։

Ռուբեն Անգալադյան
10.11.2018, Լոս Անջելես

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս