«Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի մտքում նման բան կա». Ստեփան Գրիգորյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն օրերս մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցին ասել էր, որ իրեն հաճախ են շնորհավորում Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման համար:
«Ես էլ միամիտ-միամիտ շնորհակալություն եմ հայտնում ու հետաքրքրվում, թե ե՞րբ կաջակցեն մեր լեգիտիմ կառավարությանը: Ասում են՝ չէ, մեզ պետք է լեգիտիմությունը, որ լեգիտիմ կառավարությունը համոզի՝ հանձնեք տարածքներ: Բառի բուն իմաստով: Ու մեկը չի, երկուսը չեն ասողները. Հարյուրավոր»,- ասել էր Ստեփան Գրիգորյանը։
Անդրադառնալով այս հայտարարությանը՝ 168.am-ի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ այն ուղղված չէր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
«Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի մտքում նման բան կա, այդ ամենն ուղղված էր մեր հասարակությանը, որ վտանգները լուրջ են։ Ես միջազգային մակարդակի փորձագետ եմ, ինձ հետ ամեն օր հանդիպում են արտասահմանյան փորձագետներ, լրագրողներ, դիվանագետներ, պատգամավորներ։ Այս վերջին երեք-չորս ամիսների ընթացքում այդ միտումները տեսնում եմ։
Նրանք ասում են, որ Արցախի հարցը, ի վերջո, պետք է լուծվի, Ալիևը բռնակալ է, նրա հետ խոսել ու բանակցելն անհնար է։ Դե, Նիկոլ Փաշինյան էլ՝ հեղափոխական, դրական միտումներ, նոր ազատական Հայաստան, և քանի որ իշխանությունը լեգիտիմ է, ուստի իրեն պետք է համոզել, եթե պետք է՝ ճնշել, որպեսզի գնա միակողմանի զիջումների։ Չեմ ուզում խոսել այն մասին, որ այս ամենն անարդար է և կունենա լուրջ հետևանքներ։ Աշխարհի այս միտումները պետք է գնահատել, հասկանալ, որովհետև սա լուրջ է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Նա վստահեցնում է, որ այս հարցը բարձրացողներին ինքը հակադարձում է՝ ասելով, որ դրա փոխարեն՝ պետք է աջակցեն Հայաստանի լեգիտիմ իշխանություններին, սակայն աշխարհն ընտրում է ավելի հեշտ ճանապարհ։
Ս. Գրիգորյանի խոսքով՝ այս ամենը չի նշանակում, որ նրանք դեմ են Հայաստանին, պարզապես սա ընդունված տարբերակ է, երբ փնտրում ու գտնում են ավելի թույլերին, որպեսզի համոզեն՝ հարցերն իրենց ցանկացած ձևով լուծելու համար։
«Իմ արած հայտարարությունը շատ հասարակ է, այն պատահական չեմ ասել և կապում եմ «Սասնա ծռերի» հետ, քանի որ կուսակցության դիրքորոշումն Արցախի հարցի հետ կապված շատ հստակ է՝ Արցախի պետք է միավորվի Հայաստանի հետ։ Եթե մենք հայտնվենք խորհրդարանում, ապա Նիկոլ Փաշինյանը կունենա համախոհներ, և նման առաջարկի դեպքում նա կհայտարարի, թե՝ ինձ ներեք, որովհետև քաղաքական դաշտը լուրջ է տրամադրված, և այլն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Հարցին, թե նախկին իշխանությունների ժամանակ էլ հնչում էին հայտարարություններ, թե ոչ լեգիտիմ իշխանություններին գերտերությունները կարող են պարտադրել ոչ հայանպաստ լուծումներ՝ հողերի հանձնում, այսօր էլ՝ լեգիտիմ իշխանության պարագայում, ինչո՞ւ են շրջանառվում այդ խոսակցությունները, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ «Սասնա ծռերը» խորհրդարանում պետք են նրա համար, որ այլևս այդ խոսակցությունները չլինեն։
«Եթե նկատել եք, մյուս քաղաքական ուժերն Արցախի հարցի հետ կապված չունեն հստակ դիրքորոշում, չեմ քննադատում, բայց չունեն։ Սկսում են խոսել «Մադրիդյան սկզբունքներից», ինքնորոշումից, բայց բոլորը չգիտեն մեկ հասարակ բան՝ «Մադրիդյան սկզբունքներ» չկան, Ադրբեջանը հրաժարվել է դրանից։ Չկարողացան ընկալել, որ 2012 թվականից սկսած բանակցություններ չկան, նույնիսկ, երբ եղել են հանդիպումներ, Ադրբեջանը Հայաստանի դեմ վերջնագիր է ներկայացրել ազատագրված տարածքների վերադարձի համար»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։
Հարցին էլ՝ եթե «Սասնա ծռերը» խորհրդարանում չլինեն, ի՞նչ դիրքորոշում են ունենալու Արցախի հարցի վերաբերյալ, եթե ՀՀ լեգիտիմ իշխանություններից պահանջեն գնալ միակողմանի զիջումների, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց, որ մի բան է՝ խորհրդարանում խմբակցություն ունենալը, որի հետ հաշվի կնստի միջազգային հանրությունը, բոլորովին այլ բան է՝ խորհրդարանից դուրս լինելը։
Նա վստահեցրեց, որ «Սասնա ծռերը» մինչև վերջ կպայքարեն, որպեսզի Արցախի հարցի հետ կապված բացասական սցենարներն իրականություն չդառնան։
Զվարթ Խաչատրյան