«Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ». Գագիկ Ծառուկյան
«Եթե ժողովրդի վիճակը վատ է, ես չեմ կարող ինձ լավ զգալ, նման բան չի լինում»,- Մասիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ, ցուցակի առաջին համար Գագիկ Ծառուկյանը։
«Օրինակ՝ այսօր առողջապահությանը պետությունը գումար է տրամադրում, բայց ճիշտ չի օգտագործվում. պետպատվերի տակ է օգտագործվում, գնում եք՝ խնդրողի կարգավիճակով, չգիտեք՝ կընդունեն, թե չեն ընդունի։ Կամ ասում են՝ պետպատվեր չկա։ Ուրեմն՝ այդ մեխանիզմը չի աշխատում, պետք է փոխել։ Կամ պետպատվերի գումարն այդ ընտանիքներին վաուչերի տեսքով հանձնեք, որ միայն առողջապահության ոլորտում կարողանան օգտագործել։ Կամ էլ ամեն մարզում պետք է անվճար հիվանդանոց լինի, որտեղ կարող եք ցանկացած պահի ցանկացած հետազոտման գնալ։ Էսօր գնում ենք մի հատ հետազոտման՝ 270 հազար դրամ է, բայց 80-120 հազար դրամ ստացողը որտեղի՞ց տա 270 հազար»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկի դիտարկմանը՝ ինչ էլ անի, Ծառուկյանն է անելու հայ ժողովրդի համար, ԲՀԿ ցուցակի առաջին համարն արձագանքեց. «Բոլորս միասին պետք է անենք։ Ինչ արել եմ, անում եմ, անելու եմ, ոչ թե անում եմ, որ ինձ ձայն տաք։ Ես ուզում եմ՝ լավ լինի։ Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց իմ պրակտիկան մեծ է»։