«Երեկ Գեղարքունիքի մարզում էի, և պետական համարանիշերով տասնյակ ավտոմեքենաներ ուղեկցում էին Նիկոլ Փաշինյանին». Հայկ Գրիգորյան
«Մենք» դաշինքի նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ դաշինքի երկու լիդերները՝ Խաչատուր Քոքոբելյանը և Արամ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնականում լինում են մարզերում, իսկ Երևանում քարոզարշավն իրականացնում է Արտակ Զեյնալյանը։
«Փորձը ցույց է տվել, որ ժողովրդի հետ ուղիղ կապն ավելի արդյունավետ է, քան հանրահավաքը։ Փորձում ենք հնարավորինս շատ դռներ թակել, շատ մարդկանց հետ շփվել և անձամբ ներկայացնել մեր ծրագիրը»,- նշեց Թ. Վարդանյանը։
Նա վստահեցրեց, որ իրենց դաշինքը քաղաքական այն ուժերից է, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ ոչ թե ցեխ է շպրտում քաղաքական մյուս ուժերի վրա, այլ խոսում է սեփական ծրագրից։
«Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավն ընթանում է նորմալ հունով, սակայն ունի որոշակի նկատառումներ։
«Կարծում եմ՝ անհարկի լեզվակռվային մթնոլորտ է հաղորդվում ընտրապայքարին՝ հիմնականում ՀՀԿ-ի և «Իմ քայլի» միջև։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի որոշակի անելիքներ՝ ցուցապաստառները փակցնելու իմաստով»,- նշեց Հ. Գրիգորյանը և առաջարկեց, որ պաստառները որևէ տեղ չփակցնեն և այդ հարցում մի քիչ գրագետ վարվեն։ «Քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի կողմից օգտագործվում է իշխանական ռեսուրսը, երեկ Գեղարքունիքի մարզում էի, և պետական համարանիշերով տասնյակ ավտոմեքենաներ ուղեկցում էին Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Հ. Գրիգորյանը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արագած Ախոյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում չեն հասցնում լինել շատ բնակավայրերում, սակայն մեծ ասելիք ունեն։
«Մեր ժողովուրդը գտնվում է քաղցր երազի մեջ, առավոտյան արթնանում ու ապրում են հեղափոխական գաղափարներով, երեկոյան քնում՝ կրկին նույն մտքերով։ Ժողովրդի սպասելիքներն այս իշխանություններից մեծ է, սպասելիքներ կան նաև ԲՀԿ-ից, մեզ շատ լավ են վերաբերվում, ընկալվում ենք, այստեղ դեր է խաղում Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը»,- նշեց Արագած Ախոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան