«Քարոզարշավը հարաբերությունները պարզելու տեղ չպետք է լիներ». «Քաղաքացու որոշումը» կոչ է անում  գաղափարական դաշտ տեղափոխել

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները շարունակում են քարոզարշավը՝ բաժանելով մեկ մանդարին ու նախընտրական ծրագիր:

Կարեն Հովհաննիսյանի խոսքով ՝ իրենք  ընտրել ենք փողոցային քարոզարշավը:

«Թռուցիկների հետ նաև մանդարին ենք տալիս, ինչը խորհրդանշում է համերաշխություն: Մեր կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական է: Մենք սոցիալական արդարության հիմքն ենք դնում: Պետությունը պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ բարեկեցիկ ապրեն, ոչ թե ասի՝ ինչ ուզում եք՝ արեք: Եթե մարդուն պետք է կրթություն, պետությունը պետք է տա»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը:

Սուրեն Սահակյանն էլ կոչ է անում քարոզարշավը գաղափարական դաշտ տեղափոխել՝ շեշտելով, որ այն հարաբերությունները պարզելու տեղ չպետք է լիներ: «ՀՀԿ-ին զոռով քաշում են ԱԺ»,- կարծում է նա:

Կարդացեք նաև

Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում գրում է, որ ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով, ձգտելու են հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից, մշակելու են մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին, ներդնելու են բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները նշում են, որ Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հիմքում ունե­նալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը։ Հնարավոր բոլոր հար­ցե­րը պետք է դիտարկվեն և լուծվեն դրանց շրջանակներում։

Նրանք կարծիքով՝ պետք է վերանայել Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կար­գավիճակին։ Նույնը, ըստ նրանց՝ կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կար­գավիճակի մասին։

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս