Բաժիններ՝

«Բոլորս ենք ցավում, որ մեր երկիրը դեռ չի կարողանում արժանապատիվ աշխատավարձով աշխատանք ապահովել». Արտակ Զեյնալյանը՝ Հասմիկ Սարգսյանի դատավճռի մասին

Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ

Նախօրեին պաստառներով Արդարադատության նախարարություն էին եկել քաղաքացիական ակտիվիստներ, որոնց կոչերը հետևյալ բովանդակությամբ էին՝ «Պահանջում ենք ընդունել Հասմիկ Սարգսյանի ներման խնդրագիրը», «Աղքատ լինելը հանցագործություն չէ…», «Արդարադատությունը չի կարող ոտնահարել արժանապատվությունը», «4000 դրամի համար 5 տարի», «Ձեր մեկ օրվա լանչն է 4000 դրամ» և այլն:

Նախ, նշեմ, որ խնդրագրի ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ մտացածին է, քանի որ յուրաքանչյուր ամիս, եթե ոչ յուրաքանչյուր շաբաթ ներման բազմաթիվ խնդրագրեր ենք ընդունում՝ առանց ուղեկցվող ցույցերի և պաստառների ու, «Ներման մասին» օրենքի պահանջի համաձայն, դրանց ընթացք ենք տալիս: Հետևապես, ցույցի միջոցով հարցի բարձրացումը կարող է դիտարկվել որպես հակաքարոզչություն: Ինչևէ, այս դեպքում ևս խնդրագրին ընթացք կտրվի նշածս օրենքի՝ ներման խնդրագրերը քննարկելու կարգը պահպանելով:

Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, ապա նշեմ, որ ինքս էլ, առաջին անգամ տեսնելով «10 հազար դրամ գողության համար 4 երեխայի մորը 5 տարվա ազատազրկման են դատապարտել» վերնագիրը, մեղմ ասած զարմացա: Բայց, ինչպես միշտ, կա նաև մեդալի հակառակ կողմը: Որպես իրավապաշտպան՝ Դատական տեղեկատվական համակարգի միջոցով ծանոթացա գործի էությանը և պարզեցի, որ «արդարադատությունը ոչ միայն չի ոտնահարել քաղաքացու արժանապատվությունը», այլև վերջին դեպքից առաջ երկու տարբեր քրեական գործերով ամբաստանված Հասմիկ Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել:

Այսպես, 2015 և 2016 թվականներին Հասմիկ Սարգսյանը ազատազրկման է դատապարտվել գողությունների համար, որոնք կատարվել են բնակարան ապօրինի մուտք գործելով:
Առաջին արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման՝ 4 տարի երեք ամիս ժամկետով, սակայն դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Երկրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել էր գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Այս արարքի համար նա դատապարտվել էր ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը կրկին նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 5 տարի ժամկետով:

Բնակարան ապօրինի մուտք գործելով երրորդ գողությունը Հասմիկ Սարգսյանը կատարել է նորից գտնվելով դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի մեջ: Ուստի, տրամաբանական է, որ վերոնշյալ արարքի վերաբերյալ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին կայացված դատավճռում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Հասմիկ Սարգսյանը «նախկինում նմանատիպ հանցագործություններ կատարելու համար դատապարտվել է, սակայն անհրաժեշտ հետևություն չի արել ու հերթական անգամ կանգնել է հանցավոր ուղու վրա ու կատարել նոր, նույնանման հանցագործություն, ինչն էականորեն բարձրացնում է հանցագործության հանրորեն վտանգավորության աստիճանը և դատարանը գտնում է, որ պատժի նպատակները կիրականանան նշանակված պատիժը նրա կողմից կրելու պայմաններում»:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածը և 6 տարի ժամկետով ազատազրկմանը գումարել նախորդ երկու հանցագործությունների համար նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած ազատազրկման ձևով պատիժներից երեքական ամիսներ՝ այդպիսով վերջնական պատիժ սահմանելով 6 տարի 6 ամիսը։

Վերաքննիչ քրեական դատարանը ևս, հաշվի առնելով ռեցիդիվը, չի բեկանել դատավճիռը և ուժի մեջ է թողել պատիժը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Սարգսյանը կամովին հատուցել է վնասն ամբողջությամբ, հղի է, վատառողջ է, ունի չորս երեխա, որոնցից երեքն անչափահաս են և գտնվում են իր խնամքին, իսկ որդին ծառայում է ՀՀ զինված ուժերում, վերջնական պատիժ է սահմանել ազատազրկումը՝ 5 տարի ժամկետով:
Գործին առնչվող այս մանրամասները հրապարակում եմ խնդրի վերաբերյալ օբյեկտիվությունն ու անաչառությունն ապահովելու համար ու հատկապես այն մարդկանց համար, որոնք միայն կարդացել էին վերը նշածս վերնագիրը:

Իհարկե, բոլորս ենք ցավում, որ անչափահասները մնացել են առանց մոր խնամքի, բոլորս ենք ցավում, որ մեր երկիրը դեռ չի կարողանում արժանապատիվ աշխատավարձով աշխատանք ապահովել, բայց չէ՞ որ Հասմիկ Սարգսյանի կողմից գողացված այդ գումարներն ու սնունդը այդ ընտանիքների ու նրանց երեխաների միակ ապրուստի միջոցն էին: Հարց է առաջանում՝ աղքատությամբ արդարացված գողության արդյունքում ամբողջ ամսվա ապրուստից զրկված քաղաքացիները գուցե և՞ս պետք է գողություն անեին…

Ինչևէ, կա դատավճիռ, որը կատարման ենթակա է, իսկ ներման խնդրագրի միջնորդությունը ինչպես ասեցի, համապատասխան ընթացք կստանա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս