«Որ ասում եք՝ պատգամավորը շարադրություն գրել չի կարող, նրան ո՞վ է ընտրել, դուք եք ընտրել». Էդմոն Մարուքյանը՝ մարտունեցիներին
«Բոլորն էլ լավ բաներ են ասում, ոչ մեկը չի ասում, որ պատգամավոր ընտրվի՝ մեր հացն ու ջուրը կտրելու է։ Ես ուղղակի ցավ եմ ապրում, որ ձեր պատգամավորության թեկնածուների մեջ կան Նոստրադամուսներ, որոնք գուշակում են, թե այս խորհրդարանը կտևի երկու տարի»,- Մարտունիում «Լուսավոր Հայաստանի» քարոզարշավի ժամանակ Էդմոն Մարուքյանին դիմեց քաղաքացիներից մեկը։
Մարտունեցին նշեց, որ ՀՀԿ-ն իրենց այնքան վերք է թողել, որ աճել են դագաղի խանութները. «Մահացությունները շատացել են, նույնիսկ դագաղի արտադրամաս է ստեղծվել, դեղատները շատացել են»։
Նա նաև ասաց, որ պետք է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից. «90 տոկոսը պատգամավոր է դառնում իր ունեցածը պահելու համար։ Ես զարմանում եմ՝ պատգամավորը մի շարադրություն չի կարողանում գրել, բայց պետք է օրենքներ հրապարակի»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը քաղաքացուն ասաց, որ հիմա էլ կան միլիոնատերեր, որոնք ուզում են ընտրվել և դրանք ավելացնել. «Ես պետք է նրանց հուսախաբ անեմ՝ նոր քաղաքական համակարգում դա չի ստացվելու։ Եթե խոսում եք անցյալից, որ այս արին, այն արին. մենք այստեղ եկել ենք «Ելք» դաշինքի պատգամավորներով, բայց 7.8 տոկոս ձայն ենք ստացել։ Եթե գնանք խորհրդարան ու տեսնենք՝ էլի նույն ուժերը հայտնվել են՝ տարատեսակ մեթոդաբանություններով, էլի գալու ենք՝ նույն բանը խոսեք։ Ես չեմ եկել պատմելու, թե ինչ վատ է եղել այն ժամանակ, բոլորս գա գիտենք, դրա համար եկեք ապագայի մասին մտածենք։ Ապագան մենք միասին կերտելու ենք դեկտեմբերի 9-ին։ Էդ, որ ասում եք՝ պատգամավորը շարադրություն գրել չի կարող, նրան ո՞վ է ընտրել, դուք եք ընտրել»։
Դիտարկմանը, թե չեն ընտրել, Մարուքյանն այսպես արձագանքեց. «Ինձ չասեք՝ չենք ընտրել, գոնե 1.5 տարի առաջվա ընտրություններում մենք բոլոր տեղամասերը հսկել ենք, ախպոր պես, խնդրում եմ։ Դրա համար այդ էջը փակում ենք։ Հիմա փոփոխություններ են եղել, պետք է այդ փոփոխությունները կապիտալիզացնել»։