«Ուզում ենք ունենալ պատգամավորներ, որ բերանները ջուր առած նստելո՞ւ են, թե՞ պայքարելու են մեր շահերի համար». Էդմոն Մարուքյան
«Այլևս ռեժիմի խնդիր չունենք, ռեժիմը տապալված է, ունենք եղած փոփոխությունները կապիտալիզացնելու խնդիր»,- այսօր Մարտունիում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ ամեն բան անելու են, որ Հայաստանում մարդիկ կարողանան իրենք իրենց իրացնել, այլ ոչ թե՝ ուրիշ երկիր մեկնեն. «ԼՀԿ-ն գիտակցում է, որ հետհեղափոխական ժամանակներ են, Հայաստանում իշխանության հարցը լուծված է, այն ուժը, որը հեղափոխություն է իրականացրել, պետք է լինի իշխանություն։
Դեկտեմբերի 9-ին ժողովուրդը որոշելու է՝ ովքեր են մյուս ուժերը. ունենալու ենք, բացի հեղափոխության ուժից, այնպիսի ուժեր, որոնց պատգամավորները զբաղվելու են բիզնեսո՞վ, թե՞ քաղաքացու հոգսերով, ովքեր բերանները ջուր առած նստելո՞ւ են, թե՞ պայքարելու են մեր շահերի համար, ունենալու ենք պատգամավորներ, որոնք լեզուներ չիմանան, չկարողանան արտաքին աշխարհում մեր երկիրը պատշաճ ներկայացնե՞լ, թե՞ ունենալու ենք պատգամավորներ, որոնք պրոֆեսիոնալներ են, 21-րդ դարի կրթություն են ստացել։ Մենք հավակնում ենք լինել երկրորդ քաղաքական միավորը»։
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ պետք է ձևավորել այնպիսի խորհրդարան, որտեղ կլինեն գաղափարների, մտքերի բախումներ, քննարկումներ. «Իսկ Հայաստանում դեկտեմբերի 9-ին պետք է ավարտվեն հեղափոխական ժամանակները և սկսվեն օրնիբուն աշխատելու ժամանակները. մարդիկ այլևս ելույթների կարիք չեն ունենալու, ուզում են ավելի լավ ապրեն այսօր, քան երեկ էր։ Մենք երբեք քաղաքացու խնդիրներն անտեսված չենք թողնելու»։