
«Չխաբվեք, ժողովուրդ ջան». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր Չարենցավանում հայտարարեց, որ երբևէ սուտ, անիրականանալի խոստում չեն տվել. «Չարենցավանը շատ եմ նմանեցնում Վանաձոր քաղաքին, որովհետև ժամանակին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկը։ Վանաձորում եղել է քիմիական արդյունաբերություն, ձեր մոտ՝ այլ, և ԽՍՀՄ փլուզումից հետո մարդիկ գործազուրկ են դարձել։ Հիմա մարդիկ մեզ ասում են՝ եթե գործարաններ բացեք, եթե գորխարանները վերագործարկվեն…
Ես հիշում եմ, որ մարդիկ միշտ եկել են Վանաձոր և ասել, որ եթե իրենց ընտրենք, քիմգործարանները կբացեն։ Շատերը հասկացել են, որ դա անհնար է անել, բայց այդ հավատով գնացել են ընտրության։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ երեք անգամ քիմգործարանի կարմիր ժապավեն է կտրվել, երևի անվադողեր էին այրում, ծուխ էր բարձրանում, բայց այդպես էլ քիմգործարանը չգործեց»։
Է. Մարուքյանն ասաց, որ այդ գործարանների վերագործարկման ապագան շատ մշուշոտ է, բայց Հայաստանի տնտեսությունը պետք է վերափոխվի, այլ ուղղություններով զարգանա.
«Բոլորիս համար պարզ է, որ գտնվում ենք շրջափակման մեջ, այրում ենք շատ թանկ գազ, շատ թանկ էլեկտրաէներգիա, և եթե օրինակ՝ Վանաձորում կաուչուկ արտադրեն, մրցունակ չի լինելու միջազգային շուկայում։ Հետևաբար, պետք է մտածել նոր բաների մասին։
ՀՀ մարդկային ռեսուրսը, երիտասարդությունը շատ մեծ պոտենցիալ ունի ՏՏ բնագավառում։ Մեր IT ոլորտի ներկայացուցիչները գնում են արտասահմանում աշխատելու, դրա համար տնտեսության այնպիսի ճյուղեր պետք է զարգացնենք, որոնք չենք ունեսեց ԽՍՀՄ ժամանակ, բայց կարող ենք ավելի շատ աշխատատեղեր ունենալ, քան եղել են ԽՍՀՄ ժամանակ։ Այդ հնարավորությունները կան, ուղղակի պետք է պետությունը բավարար ուշադրություն դարձնի այս ոլորտին, խրախուսի կրթությունն այս բնագավառում»։
Նա կոչ արեց չխաբվել այն ուժերի հայտարարություններին, թե գործարանները վերագործարկվելու են. «Չխաբվեք, ժողովուրդ ջան, գործարանները բացող լինեին, ժամանակին կբացեին»։