Կախակնի տարածքում ձնահյուսի մեջ անհետացած քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվել
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կախակն գյուղի տարածքում 2018 թվականի նոյեմբերի 27-ի հետկեսօրին անհետացած քաղաքացու որոնումները, որոնք շարունակվել են նոյեմբերի 28-ին, առայժմ արդյունք չեն տվել:
Ինչպես «Արմենպրես»-ին որոնողական աշխատանքների վայրից տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Դարանակ գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Մհեր Հովսեփյանին որոնելու համար մայրաքաղաքից ժամանել է 11 հոգուց բաղկացած հատուկ նշանակության լեռնափրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքներում ներգրավված է նաեւ հատուկ վարժեցված շուն:
«Որոնողական աշխատանքները սկսել ենք ժամը 11.30-ին՝ հատուկ ջոկատի տեղ հասնելուն պես: Առայժմ որոնումներն արդյունք չեն տվել»,- ներկայացրեց Գեւորգ Գալստյանը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, ժամը 16:12-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Խոսրով Խլղաթյան