«Հանրապետական կուսակցության մեջ էլ լավ մարդիկ կան». Արշալույս գյուղի բնակիչը՝ «Սասնա ծռերին»

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ միասին են սկսել հեղափոխությունը։

«Նիկոլ Փաշինյանի հետ հեղափոխությունը միասին ենք սկսել, բայց նա լիդերությունը վերցրեց և հասցրեց հաղթական ավարտին։ Հիմա հեղափոխության վերջնական հաղթանակի համար պետք է աջակից ուժ դառնան «Սասնա ծռերը», որոնք հիմնականում նվիրյալներ են, պատերազմի մասնակիցներ։ Չհանդուրժելով այն մթնոլորտը, որ 20 տարի շարունակ ստեղծել էին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ ապստամբեցին, հատկապես, երբ գնում էր Արցախը հանձնելու բանակցությունները, նրանք թույլ չտվեցին»,- արշալույսցիների հետ հանդիպմանը նշեց կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Պետրոս Մակեյանը։

Ավարտելով խոսքը՝ Պետրոս Մակեյանը դիմեց բնակիչներին՝ հարցնելով, թե «Սասնա ծռերը» նրանց ճաշակո՞վ են: Ներկաներից մեկը պատասխանեց, թե բոլորն էլ իրենց ճաշակով են։ Սակայն Պ. Մակեյանը հակադարձեց՝ նշելով, թե ինչպե՞ս կարող է ՀՀԿ-ն նրանց ճաշակով լինել, նույն բնակիչը պատասխանեց, որ Հանրապետական կուսակցության մեջ էլ լավ մարդիկ կան:

«Լավ մարդկանց ցավը տանեմ։ Ովքեր ուզում են Հայաստանը քանդել, նրանց մասին ոչինչ չունեմ ասելու, բայց մենք՝ որպես հայ ժողովուրդ, միշտ էլ մտածել ենք, որ մեր հողն ու ջուրը պետք է պաշտպանենք»,- նշեց արշալույսցին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս