«Աստված չանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վատանան. դա նշանակելու է՝ նոր պատերազմի սպառնալիք». Արթուր Բաղդասարյան
ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն այսօր Վայոց Ձորի մարզում էր: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց Հայաստանի հետ կապված սպառնալիքների մասին:
«ՀԱՊԿ անդամ պետությունների հետ խնդիրներ կան: Այս հարաբերությունների նման կերպ զարգացումը լուրջ խնդիրների առջև է կանգնեցնելու ժողովրդին: Այսօր մեծ թվով մարդիկ հեռանում են երկրից, որ երկու կոպեկ աշխատեն ու ուղարկեն ընտանիքին: Խոպանչիների հարկման մասին լուրեր են պտտվում, որոնք մեկ հերքում են, մեկ՝ հաստատում: Բայց, եթե համատարած հայտարարագրման մասին է խոսքը, ուրեմն այն ևս ներառվում է: Մենք սա մերժում և անընդունելի ենք համարում:
Փաշինյանը 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրեց նոր՝ 50 միլիոն դոլարի բյուջետային վարկ ստանալու համաձայնագիր: Բյուջեում փող չկա, մենք վարկ ենք վերցնում, որ թոշակ ու աշխատավարձ տանք: Հաջորդ տարի ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը 160 միլիարդ դրամ է լինելու: Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում: Պակասորդը խորանում է, որովհետև երկրում աշխատատեղ չկա: 8 ամիսը հերիք չէ 30 տարվա «ավգյան ախոռները» մաքրելու համար, բայց բավական է՝ ցույց տալու համար, թե այս երկիրը ոնց պետք է զարգանա: Մենք աջակցելով հեղափոխությանը՝ ասում ենք, որ երկիրը կարող են առաջ տանել խելոք, գրագետ մարդիկ:
Աստված չանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները վատանան: Դա նշանակելու է՝ նոր պատերազմի սպառնալիք մեր տարածաշրջանում: Ուստի մենք առաջարկում ենք հետաքրքիր ու մրցունակ ծրագիր:
Օրինակ, աստիճանական անցում պրոֆեսիոնալ և վարձատրվող բանակի: 18 տարեկանը սահմանում չպետք է կանգնի: Պետք է նրանց փոխարինեն վարձատրվող պրոֆեսիոնալ զինծառայողներ»,- ասաց նա: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են նաև վերադարձնել ավանդները՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ այս հարցը, բացի ՕԵԿ-ից, ոչ մի քաղաքական ուժ չի բարձրացրել:
«Առաջարկում ենք ՀՀ-ում օրենք ընդունել մայրական կապիտալի մասին: Մայրը պետք է լինի պետության պահպանության ներքո: 20 միլիարդ գումար է դուրս բերվել Հայաստանից: Իշխանություններին կոչ եմ արել հետ բերել այդ փողերը: 8 ամիս է անցել, հետ բերեք: Ո՞վ թալանեց «Նաիրիտը», ո՞վ գիտի: Ինչո՞ւ պետք է ՀՀ ոսկու, պղնձի ու մոլիբդենի հանքերն օֆշորներում գրանցված անձանց սեփականությունը լինեն: Պետք է գտնեն, բերեն ու փողերը բյուջե վերադարձնեն.Սա փաստ է: 7 միլիարդ դոլարի արտաքին պարտք ունենք, ո՞վ է փակելու»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Անի Կարապետյան