«Երկար ժամանակ նման բան չենք արել, բայց այժմ սկսել ենք մեզ հանգիստ գովել». Ժիրայր Սէֆիլյան

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավը սկսեցին երթով և արմավիրցիներին հորդորեցին ակտիվ մասնակցել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Կուսակցության անդամները նաև կոչ արեցին ընտրություններում իրենց վստահության քվեն տալ այն կուսակցություններին, որոնք գաղափարական են և խորհրդարան են մտնում իրենց գաղափարներն իրականացնելու համար։

«Ձայն չտաք այն կուսակցություններին, որոնք թալանել են մեր երկիրը և կեղեքել են մեր ժողովրդին։ Կոչ են անում բոլորին՝ անտարբեր չլինել, քանի որ մեր երկրի տերը դուք եք, ձեր ակտիվությամբ և քվեով պետք է տեր կանգնեք սեփական երկրին»,- դիմելով հավաքվածներին՝ նշեց «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Սաֆարյանը։

Արդեն քաղաքի կենտրոնում հավաքված բնակիչների հետ հանդիպման ընթացքում «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ իրենց բոլորն էլ գիտեն՝ որպես քաղաքական միավոր, և այսօր Արմավիրում կոչ են անում ընտրել իրենց՝ բոլորի երազած պետությունն ունենալու համար։

«Մինչև այս հանգրվանին հասանք, 20 տարի անցավ, բոլորս էլ գիտենք, որ նախորդ այդ տարիներին ընտրությունների հնարավորություն չի եղել, ավելի շատ բեմականացում, կեղծիք ու նկարչություն է եղել։ Մենք պայքարել ենք այդ ամենի դեմ և այսօր հասել ենք ինչ-որ արդյունքի»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը և նկատեց, որ նախընտրական  քարոզչություն ասելով՝ հասկանում են նաև՝ «գլուխ գովել»:

«Երկար ժամանակ նման բան չենք արել, բայց այժմ սկսել ենք մեզ հանգիստ գովել։ Քարոզչություն է, ուստի մենք մեզ թույլ ենք տալիս այդ ամենն անել»,- ընդգծեց Ժ. Սէֆիլյանը։

Կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Պետրոս Մակեյանը հավաքվածներին վստահեցրեց, որ հեղափոխությունից հետո շատ բան է փոխվել, նույնիսկ մարդկանց նախկինում «ծեծող բրիգադն» այսօր դարձել է նրանց իրավունքների պաշտպանը։ Նա նշեց, որ այդ ամենով հանդերձ՝ կան նաև մտահոգիչ խնդիրներ։

«Մտահոգությունն այն է, որ ընտրությունները գնում են շատ կարճ ժամանակամիջոցում՝ 12 օրում։ Մտահոգիչ է նաև այն, որ ընտրություններին մասնակցում են այն ուժերը, որոնք քսան տարի կեղեքել են մեր ժողովրդին, դրանք Մարտի 1-ի կոալիցիոն ուժերն են՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը, այս ուժերի առակայության դեպքում հնարավոր չէ հին ավանդույթները բացառել։ Այս պարագայում մենք դիմում ենք ժողովրդին, որ իրենց վստահության քվեն տան մեզ, որպեսզի այն ուժերը, որոնք փորձում են սողոսկել խորհրդարան և ստեղծել խնդիրներ՝ թույլ չտանք»,- շեշտեց Պետրոս Մակեյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս