
Պուտինը սադրանք որակեց Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սադրանք է որակել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է Սեւ ծովի միջադեպին, ապա դա, անկասկած, սադրանք է:
Սադրանք, որը գործող իշխանության, կարծում եմ՝ նաեւ գործող նախագահի կողմից կազմակերպվել է հաջորդ տարվա մարտին Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին:
Գործող նախագահի վարկանիշը հինգերորդ հորիզոնականի շրջանում է, նա նույնիսկ շանս ունի չանցնել երկրորդ փուլ, ուստի հարկավոր է ինչ-որ բան անել իրադրությունը սրելու եւ իր մրցակիցների առջեւ, նախեւառաջ ընդդիմությունից, անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու համար»,-հայտարարել է ՌԴ նախագահը «ՎՏԲ Կապիտալ» «Ռուսաստանն է կանչում» համաժողովում: