«Ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով». «Քաղաքացու որոշում» կուսակցության առաջարկը
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները որոշել են այսօր երեկոյան ժամը 17:30-21:00 հատվածում խարույկի շուրջ քաղաքական զրույցներ անցկացնել:
Նրանց փոխանցմամբ՝ Հարավ-արևմտյան թաղամասում՝ Անդրանիկի արձանի մոտ, տեղի կունենան խարույկի շուրջ զրույցներ 3-րդ ընտրատարածքի (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ) տարածքային թեկնածուների և ՔՈ ՍԴԿ համամասնական ցուցակի այլ թեկնածուների հետ։
Իսկ մինչ այդ ժամը շարունակում են բաժանել նախընտրական ծրագիրն ու ավանդական 1 մանդարինը: Նրանց քարոզարշավն այսօր մեկնարկեց Գարեգին Նժդեհի հրապարակից ։
Կուսակցության ներկայցուցիչները նշում են՝ ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով, ձգտելու են հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից, մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին, ներդնելու են բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
Նրանք ընդգծում են՝ երկրի կայացման և տնտեսության զարգացման գրավականը սոցիալապես պատասխանատու գործատուներ, արհմիություններ և պետություն համագործակցությունն է, ընդ որում՝ նաև պետության արբիտրի դերի բարձրացումը:
Նշենք, որ ՔՈ կուսակցության անդամները հիմնականում նախկին քաղաքացիական ակտիվիստներ են՝ բնապահպաններ, «Դեմ եմ»-ականներ և այլք։ Նախընտրական ցուցակը գլխավորում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը և Ռուզաննա Տոռոզյանը:
Անի Կարապետյան