Ինչպե՞ս կարձագանքի Նիկոլ Փաշինյանը Վիգեն Սարգսյանի մարտահրավերին

Վիգեն Սարգսյանն այսօր փաստացի մենամարտի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին՝ 19-րդ դարի լավագույն ավանդույթներով, զենքերի, տեղի ու ժամի ընտրությունը թողնելով հակառակորդին։ Նախորդ օրերին ՔՊ-ականները ու մասնավորապես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չափազանց ակտիվ ու արագ էին արձագանքում իրենց հասցեագրված ցանկացած տեեկատվության, բայց այս դեպքում դեռևս պատասխան չկա։

Քանի որ մարտահրավերը նետվել է հրապարակայնորեն, թերևս Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի կոնկրետ պատասխան հնչեցնել: Ուշագրավ է, որ երկու տարբերակն էլ` մերժել կամ ընդունել, լի են անկանխատեսելի հետևանքներով։ Պարզ է, որ հեռուստաբանավեճի ընթացքում հուզական հայտարարությունները անհրաժեշտ է լինելու փոխարինել թվերով ու ռացիոնալ ուղերձներով, ինչը մինչ օրս՝ հետհեղափոխական շրջանում իշխանական թիմը դեռ չի դրսևորել: Անվիճելի է, որ շուրջ 20 տարի պետական կառավարման համակարգում աշխատած Վիգեն Սարգսյանը քաջ տիրապետում է պետությունում տիրող ռեալ իրավիճակին, և դժվար է լինելու նրա հետ բանավիճելը։

Այլևս ակնհայտ է, որ սև-սպիտակի տրամաբանության մեջ ընթացող այս քարոզարշավը հիմնականում ընթանում է ՔՊ-ՀՀԿ մենամարտի ձևաչափում, իսկ մյուս 9 ուժերը փորձում են դիրքավորվել նրանց արանքում։

Հարցերի հարցը մնում է այն, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմենամարտի դեմ առ դեմ, թե՞ կնախընտրի դեկտեմբերի 5-ին ներկայանալ մյուս ինը թեկնածուների թիկունքում։

Տեսանյութեր

Լրահոս