Կաշառք տալու գործով մեղադրվող ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը ընդունել են իրենց մեղքը
ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և ՍԱՍ սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց ձևավորված ընտրաշտաբների ղեկավարների միջոցով 2017 թվականի մայիսի առաջին տասնօրյակում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը որպես ընտրակաշառք բաժանել են տարածքի ընտրողներին` ՀՀԿ կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար (յուրաքանչյուրին 10-հազարական դրամ): Այս մասին Հատուկ քննչական ծառայության օրվան նվիրված միջոցառմանը տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար նշված երկու անձանց, ինչպես նաև կաշառք տալու հարցում նրանց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրեական գործը 11 մեղադրանքների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ի դեպ, բոլոր մեղադրյալներն էլ իրենց մեղքն ամբողջությամբ ընդունել են: Այս գործով դատաքննություն դեռևս չի ավարտվել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով` առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվել է ընտրակեղծարարության ողջ շղթան:
«Ծառայությունում քննվող մի քրեական գործով վերսկսված նախաքննության ընթացքում` սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին հարցաքննվել են 200-ից ավելի անձինք, դատարան են ներկայացվել 14 միջնորդություններ` խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վերծանելու, բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու համար»,- հայտնեց Խաչատրյանը:
Նա նաև հավելեց, որ տարբեր հասցեներում միաժամանակ իրականացվել են մի շարք խուզարկություններ, կատարվել 64 զննություն, առգրավվումներ, մի շարք առերեսումներ, դեպքի հանգամանքների վերաբերյալ հետաքննության մարմիններին շուրջ մեկ տասնյակ հանձնարարություններ: