«Սելֆիների ու լայվերի թիվը, այս կամ այն քաղաքական ուժին մերժելու կամ նրանց հաթաթա տալու դրսևորումները կառավարության գործելաոճի ցուցիչներ չեն». ՀՀԿ պատգամավորի թեկնածու

«Մենք քարոզարշավի ենք գնում ծայրահեղ բևեռացված և ատելության քարոզի մեջ աշխատող քաղաքական ուժերով և հասարակությունով։ Հույս ունեմ, որ իշխող քաղաքական ուժն իր մեջ կամք կգտնի՝ բաժանարար գծերը մեղմելու։ Ցավոք, մինչև այսօր Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների հռետորաբանությունը ճիշտ հակառակն է հուշում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հանրապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և իր թիմակիցներն ավելի արդյունավետ են եղել՝ որպես ընդդիմադիրներ և հեղափոխականներ, սակայն այսօր պետք է հասկանան, որ հարթակն արդեն փոխարինվել է կառավարության նիստերի դահլիճով։

Նրա համոզմամբ, սելֆիների ու լայվերի թիվը, այս կամ այն քաղաքական ուժին մերժելով կամ մարզերից նրանց հաթաթա տալու դրսևորումները կառավարության գործելաոճի կամ արդյունավետության ցուցիչներ չեն։

«Ակնկալում եմ տեսնել խորհրդարան, որը կլինի բալանասավորված։ Բնավ էական չէ, թե որ քաղաքական ուժը կարող է լինել մեծամասնություն, էականն այն է, որ այդ մեծամասնությունն ունենա գրագետ և մրցունակ բալանս՝ անվանեք այն ստվերային կառավարություն, ընդդիմություն, այդքան էլ արդեն կարևոր չէ։ Արցախի հիմնախնդիր և առհասարակ մեր երկրի նման լայն աշխարհաքաղաքական օրակարգ ունեցող երկրի համար հզոր ընդդիմություն չունենալը շատ մեծ բացթողում է»,- շեշտեց Հ. Մամիջանյանը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքական որ ուժն էլ ԱԺ-ում մեծամասնություն ձևավորի, չպետք է իշխի միահեծան։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է ընտրողներն իրենց վստահության քվեն տան հենց Հանրապետական կուսակցությանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց՝ առանձնացնելով երեք հիմնական կետեր՝ ՀՀԿ-ն ունի պրոֆեսիոնալ կադրերի մեծ ռեսուրս, ազգային արժեքների պահպանության ջատագովն է, և երրորդ գործոնն այն է, որ իշխող մեծամասնությունը չպետք է լինի միահեծան՝ ՀՀԿ-ն կարող է լինել լավ ընդդիմություն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս