Բաժիններ՝

2020-ի Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսևորում կլինեն աշխարհին 2011 թվականի ողբերգության ժամանակ Ճապոնիային աջակցելու համար. Աբե

Տոկիոյում 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսեւորում կդառնան աշխարհի երկրներին 2011 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո Ճապոնիային ցուցաբերած նրանց աջակցության համար: Այդ մասին, հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն՝ ելույթ ունենալով Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿԱ) Գլխավոր ասամբլեայի նիստի բացմանը:

«2011 թվականին մենք տուժեցինք ահավոր տարերային աղետից: Շատ երկրներ աջակցություն ցուցաբերեցին մեզ, եւ մենք կարողացանք աստիճանաբար ձեռնամուխ լինել տուժած տարածաշրջանների վերականգնման գործընթացին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի հետ միասին մենք այցելեցինք Ֆուկուսիմայի պրեֆեկտուրա եւ կարողացանք անձամբ համոզվել այն բանում, թե ինչպես է ընթանում վերակառուցման գործընթացը»,-ասել է նա: «Մեր Օլիմպիական խաղերը երախտագիտության դրսեւորում կլինեն ամբողջ աշխարհին՝ ցուցաբերված աջակցության համար»,- հավելել է Աբեն:

Նրա խոսքով՝ ճապոնական կողմը բոլոր ջանքերը կներդնի, որպեսզի ապահովի Օլիմպիական խաղերի հաջող անցկացումը: ՄՕԿ-ի ղեկավարն իր ելույթում նշել է 2020 թվականի Խաղերին Տոկիոյի կազմակերպչական եւ ենթակառուցվածքային պատրաստվածության բարձր աստիճանը: Տոկիոյում նոյեմբերի 28-ին բացվել է ԱՕԿԱ-ի Գլխավոր ասամբլեայի նիստը: Դրան մասնակցում են ՄՕԿ-ի կողմից ճանաչված 206 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 1,4 հազար ներկայացուցիչներ:

2020 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ կընդգրկվեն բեյսբոլը, սոֆթբոլը, կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը եը սքեյթբորդինգը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, դրանք կներառեն 33 մարզաձեւ: Բացման արարողությունից երկու օր առաջ կմեկնարկեն ֆուտբոլի եւ սոֆթբոլի մրցումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս