Վրաստանի վարչապետն առաջիններից մեկն է քվեարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն առաջիններից մեկն է քվեարկել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Նա քվեարկել է տեղական ժամանակով ժամը 08:00-ին ընտրական տեղամասերի բացումից անմիջապես հետո:
«Ես ձայնս տվեցի Վրաստանի խաղաղ եւ եվրոպական զարգացման օգտին»,- հայտարարել է Բախտաձեն լրագրողներին եւ կոչ է արել բնակչությանը՝ ակտիվություն հանդես բերել:
Վրաստանի քաղաքացիներն ընտրությունների երկրորդ փուլում նոր նախագահ են ընտրում վեց տարի ժամկետով: Սրանք ուղղակի քվեարկությամբ վերջին ընտրություններն են, հետագայում պետության ղեկավարին ընտրելու են 300 պատգամավորներ:
Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում է երկու թեկնածու՝ Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, եւ Գրիգոլ Վաշաձեն, որին առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը:
Հոկտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթողը չորոշվեց, քանի որ 25 թեկնածուներից ոչ մեկը քվեարկության ընթացքում չհավաքեց ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը:
Լավագույն արդյունքներն արձանագրեցին Զուրաբիշվիլին (38,6 տոկոս) եւ Վաշաձեն (36,7 տոկոս): Հանրապետությունում բացվել է 3703 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 55 ընտրատեղամաս 30-ից ավելի արտասահմանյան երկրներում:
Սկսված նախագահական ընտրություններին, Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով, կարող է մասնակցել 3 մլն 528 հազար 658 ընտրող: Վրաստանի նախագահական ընտրություններին հետեւելու են 1300 միջազգային դիտորդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: