Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում սոցցանցերում կեղծ օգտատերերի կողմից ատելության դրսևորումները
Սոցցանցերում ատելության դրսևորումները, հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից, գնալով ավելանում են:
Լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և մտահոգություն հայտնեց այդ կապակցությամբ:
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ և շուրջօրյա դիտարկում ենք իրականացնում: Այս ոլորտում մենք ունենք վիրավորանքի և այլատյացության աճ: Այս փաստը ես մտահոգիչ եմ համարում: Չեմ կարող նախընտրական քարոզչությանը որևէ գնահատական տալ, իմ իրավասությունների մեջ չէ, բայց ընդհանրապես այդ ամենն ազդում է խոսքի ազատության հարցերի վրա:
Սոցիալական ցանցերում ատելության խոսքի դրսևորումներ ունենք, որոնք լինում են հատկապես կեղծ օգտատերերի կողմից, և այդ կեղծ օգտատերերի ինստիտուտը, որ գնալով զարգանում է, մտահոգիչ է: Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունը, այլատյացության խոսքը կամ վիրավորանքը տարածվում են առերևույթ կեղծ հաշիվների կողմից»,- եզրափակեց Թաթոյանը: