Թալան՝ բանակից. Զինվորներին ու սպաներին ստիպում են գումարներ փոխանցել Համահայկական հիմնադրամին. 1in.am

Օրեր առաջ Լոս Անջելեսում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս անգամ «Արարենք միասին» խորագրով համազգային դրամահավաքի ժամանակ հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 դոլար: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 21-րդ հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող կարևոր ծրագրերը:

Համահայկական հիմնադրամի միջոցով Արցախում իրականացվել են բազում ծրագրեր, կառուցվել ու վերակառուցվել են ռազմավարական ու մարտավարական ավտոճանապարհներ և այլն: Այս համատեքստում «Առաջին լրատվական»-ին հասած տեղեկությունները Արցախից ու առաջնագծից տագնապալի ու մտահոգիչ են: Արցախի զորամասերից մեզ ահազանգում են, որ զորամասերում զինվորներին, սպաներին պարտադրում են գումարներ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ավելի մանրամասն՝ սպաները՝ 5000 դրամ, ենթասպաները՝ 3000, պայմանագրային ծառայողները՝ 1000, ժամկետային զինծառայողները 100 դրամ պետք է հավաքեն ու փոխանցեն հիմնադրամին:

Կայքի տեղեկություններով՝ այդ «հրահանգին» չենթարկվող զինծառայողները զորամասում արհեստական խնդիրների առաջ են կանգնում: Ավելին՝ զինծառայողների խոսքով՝ պաշտպանության նախարարությունը ամեն տարի մարաթոնի ժամանակ որոշակի գումար է հանգանակում, ու հետագայում այդ գումարները հավաքվում են զինծառայողներից, ու ամեն տարի դժգոհող զինծառայողներ են լինում: Ի դեպ, զինծառայողների խոսքով՝ հարցը ոչ թե գումարն է, այլ այն, թե ինչո՞ւ պետք է իրենցից պարտադրված գումարներ հավաքեն:

Ըստ կայքի՝ հետաքրքրական է, որ այս արատավոր երևույթը միայն Արցախի Հանրապետության զորամասերում է տեղի ունենում, քանի որ փորձեցինք ճշտել՝ արդյոք ՀՀ զորամասերում և՞ս գումարներ հավաքելու հրահանգ է տրվել: Պարզվեց՝ ոչ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կայքի հետ զրույցում նշեց, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում: Երևույթը սարսափելի է: Դրամահավաքություն անել բանակում՝ զինվորից, սպայից, այն ծառայողից, ով ամեն օր կյանքը վտանգելով պաշտպանում է սահմանները, ազգի դավաճանություն չէ՞…

Զինծառայողները նշում են, որ նախկին ռեժիմի ժամանակ այդ գումարները հավաքել են «ավել-պակաս փորձանքներից» խուսափելու համար: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, և, ըստ տրամաբանության, այսպիսի դեպքեր չպետք է կրկնվեն:

Թավշյա հեղափոխությունից հետո նման գործելաոճը անթույլատրելի է: Ո՞վ է պատասխանատու: Ո՞ւմ թողտվությամբ է նման բան կատարվում: Արդյոք ՊՆ կամ ՊԲ ղեկավարությունը տեղյա՞կ է այս ամենից:

Մշտապես տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից հայտարարվել է՝ բանակից ու զինվորից թալանողը ազգի դավաճան է, գեներալ Մանվել Գրիգորյանի օրինակն էլ թարմ ու վառ է պահվում, իսկ այս դեպքը արդյո՞ք ավելի արատավոր ու պակաս ազգի դավաճանություն է, քան դա:

Արդյոք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում բանակում, տեղյա՞կ է, որ անառողջ մթնոլորտ է ստեղծվում, կամ հարց է ծագում՝ ինչպե՞ս են համարձակվում հեղափոխությունից հետո՝ նոր իրողությունների պարագայում, նման գործելաոճով շարունակել աշխատել. կա՛մ բարձր մակարդակով թույլտվություն ունեն, կա՛մ զբաղվում են ինքնագործունեությամբ, կա՛մ հեղափոխությունը, ինչպես ասում են, դեռ Արցախ չի հասել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս