«Դեկտեմբերի 9-ին մեկ խնդիր ունենք». Արման Բաբաջանյան
«Դեկտեմբերի 9-ին մեկ խնդիր ունենք. զրոյացնել այն, ինչ ավերվել, ապականվել, կեղեքվել ու հարստահարվել է։ Այդ ընտրությամբ մենք պիտի վերջ դնենք այդ ամենին և պիտի նայենք առաջ»,- այսօր Եղեգնաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԼՀԿ ցուցակի երրորդ համար Արման Բաբաջանյանը։
Նա նշեց, որ թեև տարբեր տարիների տարբեր խոստումներ են տվել քաղաքացիներին, բայց նրանց կյանքը ոչնչով չի փոխվել, հուսահատ են դարձել. «Ես հասկանում եմ, որ վերջին ամիսների փոփոխությունները մեծ սպասումներ են կուտակել ձեր մեջ. այդ սպասումները կարդյունավորվեն, եթե դուք ուժ տաք մեզ, քվե տաք մեզ, հավատաք, որ նոր Հայաստանին արժանի նոր ուժերը, նոր գործիչները, գիտելիքներով հարուստ մեր թիմը կարող է դառնալ ձեր ներկայացուցիչը»։
Արման Բաբաջանյանն ասաց, որ չեն խոստանում փողեր, ներդրումներ. «Մենք ասում ենք, որ եկել ենք ստեղծելու մի միջավայր, հավասար հնարավորությունների դաշտ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ինքնադրսևորվելու հնարավորություն կունենա։ Մենք գիտենք՝ ինչպես անել այդ բոլորը»։