
«Չէ, չէ». Քաղաքացին հրաժարվեց վերցնել կուսակցության կողմից բաժանվող մանդարինը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները շարունակում են քարոզարշավ իրականացնել Երևանում:
Նրանք ծրագրի հետ միասին՝ մարդկանց մանդարին են բաժանում:
Հերթական անգամ, երբ մեքենայից հանում էին մանդարինները, որպեսզի բաժանեն, մի ծեր մարդ մոտեցավ ու հարցրեց.
– Քանի՞ս ա մանդարինը:
– Անվճար է, հոպար ջան, վերցրո՛ւ,- ասացին կուսակցության անդամները՝ նրան տալով մանդարինն ու նախընտրական ծրագիրը:
– Չէ, չէ,- հետ-հետ գնալով ասաց ծերունին՝ իր հետ տանելով միայն ծրագիրը:
Նշենք, որ ավելի վաղ 168.am-ը կուսակցության անդամ, մասնագիտությամբ տնտեսագետ Սուրեն Սահակյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է որպես խորհրդանիշ ընտրվել մանդարինը:
«11-ը խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների թիվն է, 2-ն էլ մեր քվեաթերթիկի թիվն է: Իսկ մանդարինը, ավելի ճիշտ, նրա ձևն ու կառուցվածքը խորհրդանշում է սոցիալ-դեմոկրատիայի արժեքները: Այն նմանների, հավասարների համախումբ է, և երբ բաժանում ես նրանց՝ ստացվում է արդյունքի բաշխումը»,- պարզաբանել էր Սուրեն Սահակյանը:
Անի Կարապետյան