«Քանի դեռ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, Փաշինյանի մտքով թող չանցնի խոսել կոռուպցիայի մասին». Դավիթ Շահնազարյան
«Եթե ներկայիս վարչապետը խոսում է կոռուպցիայի մասին, դա կատարյալ դեմագոգիա է. կոռուպցիան նրա քթի տակ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը։
«Քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բանտախցում չէ, նրա մտքով թող չանցնի խոսել կոռուպցիայի մասին։ Որևէ իրական քայլ կոռուպցիայի դեմ բացարձակապես չի կատարվել, ընդամենը պրոպագանդա»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանի ստեղծած ու չրի արտադրությամբ զբաղվող ընկերությունը 2018-ին հայտ է ներկայացրել և 35 հազար դոլար դրամաշնորհ ստացել գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:
Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը լրագրողներին ասել էր, որ գործընթացը սկսվել էր փետրվարից, երբ Տ.Ավինյանը կառավարության անդամ չէր. «Գործընթացի փուլերի գերազանցապես բոլոր մասերը գրեթե անցած եղել են նախքան իր փոխվարչապետ նշանակվելը: Եվ զուտ գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ»։