Բաժիններ՝

Գանձակցի Սեւակ Սարգսյանի ընտանիքը աջակցության շնորհիվ վագոն-տնակից բնակության է տեղափոխվել առանձնատուն

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ Սեւակ Սարգսյանի ընտանիքը, 10 տարի վագոն-տնակում բնակվելուց հետո, արդեն բնակության է տեղափոխվել սեփական առանձնատուն՝ շնորհիվ Գանձակի գյուղապետարանի եւ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության աջակցության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Արմեն Պողոսյանը, Սեւակ Սարգսյանն իր կնոջ ու երկու զավակների հետ ապրում էր իրենց տնամերձ հողամասում տեղադրված վագոն-տնակում, որտեղ սահմանափակ էին կենցաղային պայմանները: «Այս ընտանիքը տնամերձ հողամասում ուներ կիսակառույց շինություն, որն անավարտ էր մնացել 1990-ական թվականներից: Կիսակառույցի մի հատված որոշեցինք հասցնել ավարտի, որպեսզի Սեւակ Սարգսյանի ընտանիքն իր գլխին ծածկ ունենար եւ ազատվեր վագոն-տնակում բնակվելու անհեռանկար ու դժվարին օրերից: Գյուղապետարանն օգնեց շինանյութերի տրամադրմամբ, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը՝ ծածկի եւ ձեղնահարկի կառուցման հարցերում:

Նոյեմբերի կեսերից արդեն ընտանիքը բնակության է տեղափոխվել սեփական առանձնատուն: Աղքատության հաղթահարման նպատակով «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը Սեւակ Սարգսյանի ընտանիքին է տրամադրել ոչխարներ՝ անասնապահությունը զարգացնելու համար: Մենք էլ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այս ընտանիքի սոցիալական վիճակը, որպեսզի հնարավորինս շուտ հաղթահարվի աղքատությունը, իսկ ընտանիքը գտնի կայուն վաստակի ճանապարհը»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս