Դեմբելեն խնդրել է վաճառել իրեն. Նա կդառնա Նեյմարի գործարքի մի մասը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ ակումբից:
Goal-ի տվյալներով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը վաճառել իրեն: Դեմբելեին չի գոհացնում այն, որ ինքը քիչ ժամանակ է ստանում կարևոր խաղերի ժամանակ:
Հաշվի առնելով Դեմբելեի՝ իրեն վաճառելու խնդրանքը՝ կատալոնցիները որոշել են ընդգրկել նրան Նեյմարին վերադարձնելու գործարքի մեջ:
Այսպիսով, ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» միջև նախնական բանակցություններն արդեն տեղի են ունեցել: Կատալոնական կողմն առաջարկել է հունվարին ՊՍԺ-ին վաճառել Դեմբելեին, ինչպես նաև տալ հավելավճար՝ Նեյմարին վերադարձնելու համար:
Դեմբելեի գոլն «Ատլետիկոյի» հետ խաղում, որտեղ նա հավասարեցրեց հաշիվը 90-րդ րոպեին, չի ազդել խաղացողի դիրքորոշման վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» ցանկանում է վաճառել ֆրանսիացուն, քանի որ նա թիմում չի պահում կարգապահությունը:
Մյուս կողմից, կատալոնական ակումբին ձեռնտու չէ այս հունվարին Դեմբելեին վաճառելը: Die Welt-ի տվյալներով՝ կատալոնացիները ստիպված կլինեն վճարել բոլոր բոնուսները Դորտմունդի «Բորուսիային»` մոտ 40 միլիոն եվրո, եթե Դեմբելեն վաճառվի այս տարվա հունվարին: Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը կատալոնական ակումբի համար արժեցել էր 105 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:
Սիրարփի Աղաբաբյան