«Չի կարելի բոլոր ձվերը մի արկղում դնել». Ի՞նչ առաջարկեց ՄԵՆՔ-ը աչաջուրցիներին

«Մեր սիրելի վարչապետն ասում է՝ ստվերային այգիներ ունենք։ Այսինքն՝ էդ ստվերային այգիները ջրվում են, չէ՞, ստվերային պտուղ են տալիս, մեր ստվերային երեխեքն էլ ուտում են»,- այսօր Տավուշի Աչաջուր համայնքում հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի ջրային պաշարների մասին։

Ըստ նրա՝ Հայաստանի ջուրը նավթի գին ունի։ Նա նշեց, որ գերադասում է հանքերը շահագործել և զինվորի համար զենք գնել. «Հիմա մենք ի՞նչ ենք ուզում. ուզում ենք պաշտպանված լինե՞նք, թե՞ սիրուն բնություն ունենանք։ Իհարկե, սիրուն բնություն էլ ենք ուզում ունենալ, բայց մենք բացարձակ այլ իրավիճակում ենք»։

Ա.Սարգսյանի խոսքով՝ գյուղացուն 3 բան է պետք՝ պաշտպանված լինել աղետներից, բերքը մթերող լինի, կարողանա էժան վարկեր ստանալ, բայց դրանցից ոչ մեկը չի արվում, թեև լուծումը շատ պարզ է։

Ա.Սարգսյանը նշեց, որ բոլոր խնդիրները լուծվող են, եթե լավին ասում են՝ լավ, վատին՝ վատ, լուծվող են, եթե իմ ու քո չի դրվում, իսկ ՄԵՆՔ-ի պարագայում իմ ու քո չկա։

Կարդացեք նաև

Նրա համոզմամբ՝ հեղափոխությունից հետո հնի ու նորի տարբերություն, սերնդափոխության խնդիր դնել չի կարելի. «Էդ, իմ համոզմամբ, ռասիզմ է»։

Ա.Սարգսյանի կարծիքով՝ 20% պետք է լինեն տարեցներ, որ ասեն՝ «չի կարելի», 50%՝ աշխատավորներ, և 30%՝ ջահելներ, իսկ սերնդափոխությունը նշանակում է՝ ընտանիքը քանդել։ Նա նշեց, որ այս ամենը պետք է ասել վարչապետին, իշխանությանն օգնելը գովելը չէ, այլ տեսածն ասելն է։ Ա.Սարգսյանը խնդրեց իր թիմակից Խաչատուր Քոքոբելյանի համագյուղացիների՝ աչաջուրցիների քվեները, որ ԱԺ-ում իրենց տեսածն ասեն։

Ա.Սարգսյանն ընդգծեց իրենց դաշինքի արևմտամետությունը և նշեց, որ առաջարկում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքել, մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ի հակադրություն ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի. «Չի կարելի բոլոր ձվերը մի արկղում դնել»։

 

Տեսանյութեր

Լրահոս