Բաժիններ՝

Բացահայտվել են շուրջ չորս տասնյակից ավելի բնակարանային գողությունների և գողության փորձերի դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու՝ շուրջ չորս տասնյակ դեպքեր:

2018թ. նոյեմբերի 15-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի առանձնատներից մեկից կենցաղային իրերի գաղտնի հափշտակության դեպքի առթիվ:

Բացի այդ, թվով 8 քրեական գործեր էլ հարուցվել էին՝ նոյեմբերի 9-ից մինչև 15-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի Պտղնի և Ձորաղբյուր համայնքների ամառանոցներից հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Նշված քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ առերևույթ կատարված հանցագործությունների եղանակները և հափշտակված իրերի տեսակները նույնական են: Քրեական գործերով ձեռք բերված տեղեկությունների համադրությունը վարույթն իրականացնող մարմնին հիմք է տվել եզրակացնելու, որ հնարավոր է՝ հիշյալ հանցագործություններն առերևույթ կատարված լինեն նույն անձանց կողմից:

Բոլոր քրեական գործերով միաժամանակ կատարվել են մեծածավալ համատեղ քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1984 և 1992թթ.:

Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ վերջիններս 2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Պտղնի համայնքներում նույն եղանակով կատարել են նաև այլ բնակարանային գողություններ և գողության փորձեր ևս:

Օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են մեծ քանակությամբ իրեր, որոնք նրանց չեն պատկանել:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց մասնակցությամբ կատարվել են դեպքերի վայրերի զննություններ, որոնց ընթացքում վերջիններս մատնացույց են արել Ձորաղբյուր համայնքի թվով 34 և Պտղնի համայնքի թվով 7 ամառանոցներ՝ հայտարարելով, որ այդ ամառանոցներից կատարել են գողություններ և գողության փորձեր:

Որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող ինը քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում կատարելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 34-ամյա տղամարդուն և 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (6 դրվագ), 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կատարված գողությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ իրացված գողոնը ձեռք բերած անձանց ինքնությունը և գտնվելու վայրը, ամառանոցների սեփականատերերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս