
InSight ամերիկյան բացառիկ տիեզերական ապարատը վայրէջք կկատարի Մարսի վրա

Նոյեմբերի 26-ի երեկոյան Կարմիր մոլորակի վրա վայրէջք կկատարի InSight ամերիկյան բացառիկ տիեզերանավը, որը թույլ կտա նայել Մարսի ներսը եւ պատասխաններ տալ նրա ներկայիս տեկտոնիկական ակտիվության ու կազմությանը վերաբերող հարցերին: Այդ մասին հայտնել է Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA):
Գործակալության տվյալներով՝ մինչեւ 2018 թվականը Մարս են արձակվել երկու տասնյակից ավելի տարբեր ապարատներ, բայց դրանք բոլորն ուսումնասիրում էին մոլորակի միայն արտաքին կողմը: InSight ապարատը թույլ է տալիս «նայել» Մարսի ներսը: Այդ տիեզերական ապարատը, որը մայիսի 5-ին Atlas V կրող հրթիռով Մարս են արձակել Կալիֆոռնիայի նահանգում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Վանդենբերգի ավիաբազայի արձակման հարթակից, նախատեսված է Մարսի ներքին կառուցվածքը՝ նրա կեղեւը, պատյանը եւ միջուկը ուսումնասիրելու համար:
Բացի այդ, ամերիկյան տիեզերական ապարատի վրա նաեւ տեղակայված է միկրոչիպ, որի վրա գրված են այն 2,4 մլն մարդկանց անունները, որոնք մասնակցել են «Անունդ Մարս ուղարկիր» ակցիային, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: