
ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի գործընկերությունը կօգնի լուծել Ռուսաստանի և Արևմուտքի միջեւ առկա ճգնաժամը. Չիժով

ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերությունը կարող է նպաստել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ առկա ճգնաժամի լուծմանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ԵՄ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը՝ նոյեմբերի 26-ին Եվրախորհրդարանում ելույթ ունենալով ամենամյա Եվրոպական ռուսական համաժողովում: Դրա թեման է՝ «Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների էսկալացումը. Եվրոպայի ապագան ռազմական հակամարտության դեպքում»։
«Այսօր, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության զարգացման բարձր տեմպերը, նպատակահարմար է խոսել «ինտեգրացիաների ինտեգրացման»՝ երկու փոխկապակցված եւ սիներգետիկական համաշխարհային ինտեգրացիոն բեւեռների՝ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի փոխշահավետ, իրավահավասար եւ բազմապլանային գործընկերության մասին:
Նման գործընկերությունը կդառնա համաեվրոպական անվտանգության կայուն ճարտարապետության պահպանման գրավականը»,-նշել է ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը՝ խոսելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում առկա ներկայիս ճգնաժամի հաղթահարման հնարավոր ուղիների մասին: