«Մեծահարուստներ չենք, որ մեզ թույլ տանք ու թանկարժեք պաստառներ փակցնենք քաղաքում». «Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի ժամանակ շեշտը դնելու է ասուլիսների, ուղիղ եթերների վրա: Այս կերպ են ներկայացնելու ծրագիրը: Չնայած՝ լինելու են նաև մարզային հանդիպումներ:
«Կուսակցության կարգախոսն է՝ «Նոր իրավիճակ, նոր լուծումներ»: Այսինքն, մենք փորձում ենք նոր իրավիճակին համահունչ՝ նոր լուծումներ առաջարկել, որոնք տեսնում ենք համակարգային փոփոխությունների մեջ: Նորություն են լինելու կրթական ոլորտի բարեփոխումները: Ցանկանում ենք այն ապակուսակցականացնել: Մենք կրթությունը համարում ենք տնտեսության գերակա ճյուղ և կարծում ենք, որ կարող ենք դառնալ կրթություն արտահանող երկիր:
Մեր բուհերը կարող են դառնալ այն կրթական հաստատությունները, որտեղ կգան սովորելու Եվրոպայից, Ասիայից»,- ասաց պատմաբան, ուսուցիչ, Կոտայքի մարզում «Ազգային առաջընթաց» կուսակցության ռեյտինգային թեկնածու Հայկ Փայտյանը:
Կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ կուսակցության պաստառներ, հնարավոր է՝ քաղաքում չլինեն:
«Մեծահարուստներ չենք, որ մեզ թույլ տանք ու թանկարժեք պաստառներ փակցնենք քաղաքում: Առաջարկելու ենք «Կուսակցությունների մասին» օրենքը փոխել՝ ընտրագրավի, նախընտրական քարոզչության սահմանման մասով: Մենք հույս ունեինք, որ ընտրագրավի հարցով փոփոխություններ կանի նոր կառավարությունը: Հիմա միայն անվճար եթերաժամից ենք օգտվելու»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ծրագրին՝ նա հայտնեց, որ կարևորում են միջին խավի ձևավորումը: «Առաջարկում ենք, որ եկամտային հարկի սանդղակը լինի ավելի ճկուն՝ 10-20 տոկոս: Մինչև 200.000 դրամ աշխատավարձը պետք է հարկվի մինիմալ 10 տոկոսով, ոչ թե՝ բոլորը 23-25 տոկոսով: Ուզում ենք բարձրացնել գույքահարկի դրույքաչափը՝ 40-50 միլիոն անշարժ գույքի համար: Դրանք դղյակներն ու մեքենաներն են: Նախատեսում ենք այդ գումարներն ուղղել սոցիալական ոլորտին: Մի քիչ թանկ անշարժ ու շարժական գույքն ավելի բարձր դրույքաչափով են հարկում ու լուծում սոցիալական խնդիրները:
Պետք է կարգավորել նաև նվազագույն թոշակի հարցը: Պարտադիր կենսաթոշակային վճարն էլ առաջարկում ենք փոխարինել կամավոր համակարգով՝ գործատուի կողմից համավճարի կիրառմամբ: Կարևորում ենք 7-8% հիպոթեքային վարկերի տրամադրումը նորաստեղծ ընտանիքներին և ամեն մի երեխայի ծնվելուց հետո տոկոսը իջնելու է՝ հասնելով 5-ի»:
Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանն էլ շարունակելով՝ նկատեց.
«Այս բարեփոխումները սկսվելու են օրենսդրական դաշտից: Բարեփոխումների շարքում առաջին կարևոր կետը համարում ենք պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտի վերացումը: Օրենսդիր գործունեությամբ զբաղվելու համար պատգամավորին անձեռնմխելիություն պետք չէ: Այն միշտ պետք է եկել քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին: Ներդրվելու է պատգամավորների հետկանչի ինստիտուտը: Եթե տեսնում ենք, որ պատգամվորները չեն աշխատում, նիստերի չեն մասնակցում, ուրեմն իմաստ չունի, որ մնա: 25 տոկոս անհարգելի բացակայությունների, էթիկայի կանոնների խախտման, օրենսդրական գոնե 2 նախաձեռնություն չներկայացնելու դեպքում պատգամավորը պետք է հետ կանչվի»:
Անի Կարապետյան