«Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ». Արմեն Աշոտյան

«Հայաստանին այս 6-7 ամիսների ընթացքում պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն. իրենք լավն են, մենք՝ վատը, իրենք հրեշտակներ են, մենք՝ դևեր, բայց դա չէ իրականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա ընդգծեց, որ  դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ իշխանություններն ու նրանց պատկանող քաղաքական ուժերը սկսել են գուժել, որ ՀՀԿ-ն ստանալու է զրո ձայն. «Նման ձևակերպումներն անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, ստանալու ենք տասնյակ-հազարավոր ձայներ: Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ ասում են՝ շտաբներ չբացես, չենք գալու, բայց մեր ձայները տալու ենք քեզ: Ասում են՝ չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում՝ գալուց հետո մեր տուն մարդ այցելի և ասի՝ ինչո՞ւ ես գնացել ՀՀԿ շտաբ, բայց այդ մարդիկ շատ են: Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է մեծ անակնկալ»:

Արփինե Հովհաննիսյանն էլ հավելեց. «Չափազանց կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրենց իդենտիֆիկացնեն՝ որպես իշխանություն, իրենք այլևս ընդդիմություն չեն, իրենք իշխանություն են ու պատասխանատվություն են կրում բոլորի համար. ՀՀԿ-ի համար, բոլոր նրանց համար, ովքեր ձայն են տալու նաև ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին: Մենք վստահության քվե ուրիշ բանի համար ենք խնդրում: Ում էլ ձայն տան քաղաքացիները, իշխանություն չեն ընտրելու, իշխանությունը Նիկոլ Փաշինյանն է, և նա պատասխանատու է այդ բոլոր քաղաքացիների համար»:

Տեսանյութեր

Լրահոս