Բաժիններ՝

«Ես լինելու եմ բոլորի նախագահը». Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որին աջակցում է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը, հավաստում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում լինելու է անկախ նախագահ եւ համակարգողի դեր է կատարելու իշխանության եւ հասարակության միջեւ։

Նոյեմբերի 28-ին Վրաստանում տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Նախագահական աթոռի համար պայքարում են Զուրաբիշվիլին եւ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, որը ներկայացնում է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը:

«Ես լինելու եմ բոլորի նախագահը: Բոլորը կկարողանան ինձ դիմել իրենց հարցերով՝ հասարակական կամ քաղաքական: Ես լինելու եմ այն նախագահը, որը խաղաղության ու կայունության զգացողություն կստեղծի երկրում: Ինձնից ոչ ոք վիրավորանք կամ անհանդուրժողություն չի լսի: Ես հարգանքով կվերաբերվեմ բոլորին»,- հայտարարել է Զուրաբիշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում: Զուրաբիշվիլիի խոսքով՝ պետության ղեկավարը պետք է միջնորդ լինի հասարակության եւ իշխանության միջեւ:

«Այսօր խնդիրներ գոյություն ունեն ոչ միայն մեզ մոտ, այլեւ ամբողջ աշխարհում: Դա երկխոսության եւ փոխըմբռնման խնդիրն է իշխանության եւ հասարակության միջեւ: Իշխանությունները խորասուզված են իրենց ամենօրյա գործունեության մեջ, ճգնաժամի հաղթահարման հարցերում եւ այլն: Իսկ հասարակությունը կարծում է, որ իշխանությունները չեն հասկանում իրենց ցավն ու անհանգստությունը: Նախագահը դերը մեդիատոր, միջնորդ եւ արբիտր լինելն է:

Ամեն դեպքում նախագահը պետք է ունենա պետական պարտքի զգացում»,-ընդգծել է նա: Ընդսմին Զուրաբիշվիլին հավաստում է, որ ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում ինքը կլինի իշխող կուսակցությունից անկախ նախագահ: Նրա խոսքով՝ ինքն անկախ է 16 տարեկանից եւ 66 տարեկան հասակում ոչ ոք չի կարողանա իրեն ստիպել դավաճանել իր սկզբունքներին:

«Ես իմ թեկնածությունն առաջադրել եմ միայն սեփական որոշման համաձայն, եւ իշխող կուսակցությունն ինձանից անկախ է որոշում ընդունել այն բանից հետո, երբ ծանր ու թեթեւ է արել դրական ու բացասական բոլոր պահերը: Այնպես որ ես («Վրացական երազանքին») ոչ մի խոստում չեմ տվել»,-ընդգծել է նա:

Նախագահական ընտրությունների առաջին փուլը Վրաստանում տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին: Դրա արդյունքներով՝ նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հավաքել է ձայների 38,64 տոկոսը, իսկ «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն՝ 37,74 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս