«Պարոն Աշոտյան, մի՞թե պետք էր իշխանությունը կորցնեիք, որ մենք հասկանայինք, որ դուք նորմալ մարդ եք». Ֆեյսբուքյան օգտատերը՝ Արմեն Աշոտյանին
«Ասֆալտ փռել չեմ խոստանալու, շինարարության թույլտվություն ստանալ չեմ խոստանալու, այսինքն՝ լոկալ հարցեր չեմ խոստանում լուծել, և չեմ էլ կարծում, որ քաղաքական օրակարգը պետք է բաղկացած լինի այդպիսի խնդիրներով ձեռք բերված վստահությունից։ Խորհրդարանում կբարձրաձայնվեն համակարգային խնդիրները, պետական պասիվության, անգործության հետևանքով առաջացած խնդիրները։ Այս հարցերում Ազգային ժողովում դուք կունենաք ձեր բարձրախոսը, մարդու, որը կխոսի Ղարաբաղյան հակամարտության մասին ու կպաշտպանի մեր ազգային շահը, մարդու, որը Հայաստանը լավագույնս կարող է ներկայացնել արտերկրում՝ ի թիվս իմ այլ գործընկերների»,- ԱԺ արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ իր ընտրողներին է դիմել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շտաբի քարոզչական պատասխանատու Արմեն Աշոտյանը։
Նա նկատել է, որ ՀՀԿ-ում պահպանվել է քաղաքական կորիզը, այն շատ կուռ, ամուր թիմ է՝ բավականին մրցունակ կազմով, և յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողը կտեսնի արժանի թեկնածուի։
Ա. Աշոտյանը դիմել է նաև լրագրողներին՝ խնդրելով նրանց իր մրցակիցների կողմից ասպարեզ նետված ցանկացած քարոզչական կեղտոտ հնարք, սուտ, զրպարտություն, որևէ սկանդալային լուր տարածելուց առաջ այն ճշտել իր հետ, ապա նոր հրապարակել՝ վստահեցնելով, որ ինքը հասանելի է լինելու շուրջօրյա ռեժիմով և լրագրողներից ակնկալելով արդար լինել ու չկատարել որևէ մեկի տեղեկատվական պատվերը։
«Ինձ մի կին նամակ էր գրել, որն ինձ շատ խոցեց, և այժմ դրա մասին բարձրաձայնելով՝ ուզում եմ զգոնության կոչ անել մեր նոր իշխանություններին։ Այդ կինն ինձ գրել էր. «Պարոն Աշոտյան, մի՞թե պետք էր իշխանությունը կորցնեիք, որ մենք հասկանայինք, որ դուք նորմալ մարդ եք»։ Եվ ես հասկացա, որ իշխանության եղած տարիներին, համակարգային պրոբլեմներով զբաղված լինելով, երբեմն գուցե չեմ տեսել մարդկանց։ Գուցե դա եղել է պատանեկան մեծամտություն, ինչը ես հիմա տեսնում եմ մեր նորաթուխ իշխանավորների մոտ։ Այդ նամակն ինձ մոտ ամրագրեց մի սկզբունք՝ քաղաքական գործիչը չպետք է դադարի մարդ լինի։ Այս սկզբունքը պետք է վերաբերի բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին»,- նշել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը։