Բաժիններ՝

«Մենք պահանջում ենք շտապ կարգով նրանց հանձնել». Պորոշենկոն Ռուսաստանից պահանջել է վերադարձնել կալանված նավերն ու զինվորականներին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը՝ պահանջելով վերադարձնել ուկրաինացի այն զինվորականներին ու նավերը, որոնց կալանել է ՌԴ Ավտանգության դաշնային ծառայությունը սահմանը խախտելու համար:

«Մենք պահանջում ենք շտապ կարգով նրանց հանձնել ուկրաինական կողմին եւ առաջին քայլն անել Ազովի ծովում ստեղծված իրադրության ապաէսկալացման ուղղությամբ»,- հաղորդվում է նախագահի կայքում: Պորոշենկոն նաեւ նշել է, որ արագ արձագանք է ակնկալում իր դիմումին:

Ինչպես հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնում, Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանի պետական սահմանը խախտած «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին ՌԴ-ի տարածքային ծովի սահմաններում ապօրինի գործողությունների փորձ են իրականացրել: ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության եւ ՌԴ-ի Սեւծովյան նավատոմի՝ ուղեկցող նավերի եւ կատերների՝ անհապաղ կանգ առնելու օրինական պահանջներին չեն արձագանքել, կատարել են վտանգավոր խուսավարում: Ուկրաինական ռազմանավերի հարկադրական կանգնեցման նպատակով կիրառվել է զենք:

Արդյունքում Սեւ ծովում ՌԴ-ի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր երեք նավերն էլ կալանվել են: Ուկրանիայի զինված ուժերի երեք վիրավոր զինծառայողներին բժշկական օգնություն է ցույց տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ուկրաինայի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը Գլխավոր շտաբի պետի որոշմամբ «լիակատար» մարտական պատրաստության վիճակի են բերված: Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը նոյեմբերի լույս 26-ի գիշերը Կերչի նեղուցում ստեղծված իրադրության պատճառով հրապարակել է երկրում 60 օր ժամկետով ռազմական դրություն սահմանելու Ուկրաինայի նախագահի հավանությանն արժանացած նախաձեռնությունը: Այժմ այն որպես օրինագիծ պետք է քննարկի Գերագույն ռադան, որը, խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիի խոսքով՝ նիստ կգումարի նոյեմբերի 26-ին Երեւանի ժամանակով 18:00-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս