
Հակակոռուպցիոն միջոցառումների տասնօրյակ մանկապարտեզներում

Նոյեմբերի երրորդ տասնօրյակում Սեւան համայնքի մանկապարտեզներում տեղի են ունենում հակակոռուպցիոն բնույթի միջոցառումներ, պարապմունքներ, որոնց առանցքում ազնվության, բարեկրթության, մարդկային հարաբերությունների ճիշտ կառուցման, բարոյական նորմերի պահպանման, ճշմարտախոսության հատկանիշներն ու գաղափարներն են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի մի շարք որոշումներ, դաստիարակներն իրենց աշխատանքները կազմակերպում են երեխաների տարիքային խմբերին համապատասխան` հաշվի առնելով այն իրողությունը, որ հակակոռուպցիոն պայքարում արմատական հաջողությունների հասնելու համար մարդու մտածելակերպի ու արժեքների մեջ դրանք հարկավոր է սերմանել նախադպրոցական հասակից:
«Համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում հայտարարված հակակոռուպցիոն միջոցառումների տասնօրյակը լավագույն հնարավորություն է կազմակերպելու ոլորտային բազմապիսի միջոցառումներ: Թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզի ավագ խմբերում կազմակերպվել է Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն», «Ծիտը», «Պոչատ աղվեսը», «Չարի վերջը» հեքիաթների ընթերցում, վերապատմում, նույն հեքիաթների մոտիվներով անցկացվում է նկարչության պարապմունք, միջին եւ կրտսեր խմբերում տեղի են ունենում սյուժետա-դերային խաղեր եւ խաղ-բեմականացումներ: Թիվ 4 «Գալիք» մսուր-մանկապարտեզի ավագ խմբում մայրենի լեզվի պարապմունքի ընթացքում բեմականացվել է Հովհ. Թումանյանի «Տերն ու ծառան» հեքիաթը, միջին խմբում դասականի «Շունն ու կատուն» հեքիաթի միջոցով վեր են հանվել կյանքի մի շարք բացասական երեւույթներ:
Մանկապարտեզի նախասրահում առկա է «Ո՛չ կոռուպցիային» բովանդակությամբ կոմպոզիցիա: Գագարինի մսուր-մանկապարտեզում անցկացվել են զրույցներ «Իմ ընտանիքը», «Մենք լավ ընկերներ ենք», «Բժիշկ-բժիշկ» թեմաներով, կատարվել են հեքիաթների նկարազարդումներ, նկարչական աշխատանքների ցուցադրություններ: Սեւանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի միջին խմբում դաստիարակչուհի Լուսինե Մարտիրոսյանի կողմից անցկացվող խոսքի զարգացման բաց պարապմունքի թեման նպատակ ուներ երեխաների մոտ ձեւավորել ազնվության, արդարության, գթասրտության վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ: Այս ամենը համեմված էր «ճիշտ եւ սխալ» խմբային աշխատանքով, դիմախաղով: «Հեքիաթ» մանկապարտեզում նախատեսված են նաեւ պարապմունքներ եւ զրույցներ այլ խմբերում, այլ ձեւաչափերով` հեքիաթների ներկայացումից մինչեւ նկարազարդումներ»,-ներկայացրեց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան