«Մենք անհաշտությունից հոգնել ենք, հասարակությունը համերաշխության կարիք ունի». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացնում Սյունիքի մարզում: Մեղրիում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Մարուքյանն ասաց, որ գտնվում են Հայաստանի համար ռազմավարական տարածաշրջանում, որտեղ տարիների ընթացքում բացթողումներ են եղել:
«Ձեր խնդիրներից լավատեղյակ ենք: Դեկտեմբերի 9-ին Հայաստանում պատմական ընտրություններ են տեղի ունենալու, եկել ենք ասելու, որ ժամանակն է՝ քանդված համակարգի տեղը կառուցվի նոր, թափանցիկ, հավասար հնարավորություններ բերող համակարգ, որի արդյունքում ՀՀ քաղաքացին կարող է իր արժանավայել կյանքն ունենալ»,-հայտարարեց նա:
Պատգամավորի թեկնածուի խոսքով՝ նախկինում ամեն ինչ արվել է, որ ճնշվի մարդու ազատ մտածողությունը, ամեն ինչ արվել է, որ մարդը չկարողանա իր մոտեցումները բերել քաղաքական դաշտ, և քաղաքական գործիչներն, ըստ նրա՝ անընդհատ համախմբել են, որպեսզի պայքարեն ռեժիմի դեմ. «Դեկտեմբերի 9-ին Հայաստանում սկսվում են կառուցման ժամանակները: Մենք անհաշտությունից հոգնել ենք, հասարակությունը հաշտության, համերաշխության կարիք ունի»:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ թեև գազն անցնում է Մեղրիի մոտով, բայց մեղրեցիները գազ չունեն.
«Էլ չեմ ասում՝ ջրի երկիր ենք, բայց դուք որակով ջրի խնդիր ունեք, ձեր այգիները ոռոգման խնդիր ունեն: Մենք հետևողական կերպով ձեր խնդիրների մասին բարձրաձայնելու ենք, ամենօրյա ռեժիմով լոբբինգ ենք անելու, որ դրանք լուծվեն: Ընտրեք ձեր դարդերն իմացող, ձեր հողի մարդկանց, որ որևէ ուրիշ մարդու չդիմեք, նրանք ձեր ձայնը հնչեցնեն խորհրդարանում:
Մարդիկ ասում են՝ եկան, ընտրվեցին, գնացին, 5 տարի է՝ չկան, տեղեկություն չունենք, դրա համար այսօր այդ իշխանությունն իրացնելու ժամանակն է: Կոչ եմ անում՝ դեկտեմբերի 9-ին քվեարկել հանուն Հայաստանի վերափոխման, հանուն լուսավոր Հայաստանի»: