Բաժիններ՝

«Ժողովո՛ւրդ, խնդրում եմ՝ մի՛ գողացեք արգելապատնեշները, որովհետև մեկը կարող է գալ ու կյանքից զրկվել». նախարարի պաշտոնակատար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 24-ին հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի խախտումներին:

«Օրերս մեզ համապատասխան ստորաբաժանումից զեկուցեցին, որ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Տրանշ-1-ից (Երևան – Աշտարակ 11,4կմ, Երևան – Արտաշատ 19,6կմ)  շուրջ երկու միլիոն դոլարի վերադարձի հարց ունենք: Սա նոր բացահայտում է: Համապատասխան ընթացակարգով գումարը հետ է գանձվելու: Եվս 2 միլիոն դոլարի համար կատարում ենք վերջնական քննություն: Խիստ ուշադրություն ենք դարձնում որակին: Տրանշ-1-ով և 2-ով ցեմենտի, խճի և բետոնի փորձանմուշներ են վերցվել և ուղարկվել Կանադա՝ լրացուցիչ լաբորատոր փորձաքննության»,- հայտնեց նախարարի պաշտոնակատարը:

Ճանապարհաշինարարական ծրագրերի մասով էլ նշեց.

«Մ-6,  Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահմանը մենք կբացենք դեկտեմբերին: Այն ներառում է երեք թունել և երեք կամուրջ: Առաջիկայում կտեսնեք՝ բարձր որակի ճանապարհներ են կառուցվել:

Կարդացեք նաև

Մայիսից մեկնարկել է հաջորդ՝ 50 կմ-ի շինարարությունը, որն Ալավերդիից դեպի Վրաստան սահմանն է,  ավարտվելու է 2020 թվականի վերջին:

Բագրատաշենի գոյություն ունեցող մեկ նեղ կամրջի փոխարեն՝ կունենանք երկկողմանի նորմալ կամուրջ: Կավարտվի 2020 թվականին»:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ մտահոգիչ ճանապարհային անվտանգության խնդիրներին:

«Լրացվել են շուրջ 2000 ճանապարհային նշաններ, ձեռք են բերվել և տեղադրվում են 4000-ը՝ ավելի քան 400 կմ-ի վրա. Երևան-Մեղրի, Երևան-Արմավիր, Հրազդան-Ծաղկաձոր հատվածներում:

Առաջիկա երկու տարիների ընթացքում նախատեսում ենք առավել վտանգավոր տեղամասերում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ իրականացնել:

Շինարարության ընթացքում ներդրվել են նաև լուսային ազդանշանների և գծանմուշների ինտենսիվ համակարգեր: Սևանի ճանապարհին արգելապատնեշը կարող եք տեսնել շուրջ 2 կմ-ից: Ցավոք, տհաճ դեպքեր էլ են գրանցվում. սարքավորումները գողանում են: Ճանապարհի վրա է, դժվար է հսկելը, բայց մեր ժողովրդին խնդրում եմ՝ մի՛ գողացեք, որովհետև մեկը կարող է գալ ու կյանքից զրկվել: Հուսով եմ ՝ իրավապահները կգտնեն ու պատասխանատվության կենթարկենք նման մարդկանց»,- նկատեց Հակոբ Արշակյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս