Բաժիններ՝

«Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա». Երկու առաջատարների պայքարը

Լա Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» կփորձի հաղթել և հաստատել իր առաջատարությունն  «Ատլետիկոյի» դաշտում:  Ինչպիսի՞ն կլինի 2 առաջատարների հանդիպումը:

«Ատլետիկո Մադրիդ»

«Ատլետիկոն» այս մրցաշրջանում ավելի վատ արդյունքներ է ցույց տալիս, քան նախորդ տարի, սակայն ընդհանուր ֆոնի վրա մադրիդյան այս ակումբի խաղը բավականին լավն է, քանի որ «Բարսան» և «Ռեալը» կատարյալ ֆուտբոլ չեն ցուցադրում: Ավելի ճիշտ`«սերուցքայիններն» ավելի վատ են խաղում, քան «Ատլետիկոն»:

«Ատլետիկոյի»  հիմնական հաջողությունները հարազատ «Ուանդա Մետրոպոլիտանոյում» են, որտեղ Սիմեոնեի սաները 8 խաղից 7-ում հաղթել են: Վերջին 5 խաղերում «Ատլետիկոն» հաղթել է Չեմպիոնների լիգայում «Բրյուգեին» (3:1) և «Բորուսիային» (2:0), իսկ Լա լիգայում՝ «Բետիսին» (1:0), «Ռեալ Սոսիեդադին» (2:0) և «Ատլետիկին» (3:2):

Կարդացեք նաև

Ցավոք, Դիեգո Սիմեոնեի թիմում «Բարսելոնայի»  հետ հանդիպումից առաջ վնասվածքներ են ստացել պաշպանական գծի մի շարք ֆուտբոլիստներ: Դիեգո Գոդինը հաստատ չի խաղա կատալոնացիները դեմ, իսկ Խուանֆրանի և Խոսե Խիմենեսի մասնակցությունը հարցականի տակ է:

«Բարսելոնա»

Հիմա կատալոնական ակումբի խաղն արդեն ամբողջովին կարգավորվել է: Մրցաշրջանի սկզբում կատալոնացիները մի քանի խաղ անընդմեջ չէին կարողանում հաղթել, սակայն մրցակիցների վատ խաղի արդյունքում՝ կատալոնացիները հիմա առաջին հորիզոնականում են:

Հավաքականների  նախորդ ընդմիջումից հետո կատալոնացիները մի քանի վստահ հաղթանակներ տոնեցին՝ հաղթելով «Սևիլիային» (4:2), «Ռեալ Մադրիդին» (5:1), «Ինտերին» (1:0), «Կուլտուրալ Լեոնեսին» (1:0) և «Ռայո Վալեկանոյին» (3:2): Ի դեպ, այս ընթացքում վնասվածք ուներ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին:

Սակայն այս հաջող շարքից հետո կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայում ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ (1:1), ինչպես նաև անսպասելիորեն պարտվեց «Բետիսին» (3:4): Այժմ «Բարսան» մրցակիցներին գերազանցում է միայն մեկ միավորով: Այնպես որ, Էռնեստո Վալվերդեի սաներն առաջատարի դիրքում մնալու համար այսօր պետք է հաղթեն մադրիդցիներին:

Կատալոնացիների երկրպագուների համար անհանգստանալու առիթ է այն, որ այս խաղը տեղի է ունենալու մրցակցի հարկի տակ: Այս մրցաշարջանում Վալվերդեի սաները մրցակցի հարկի տակ հաղթել են 6 խաղից միայն 3-ում:

Այս խաղում կբացակայեն Իվան Ռակիտիչը, ով որակազրկված է, և, հավանաբար, Թոմաս Վերմալենը: Սակայն արդեն վերականգնվել է թիմի առաջատարներից մեկը՝ Ֆիլիպե Կոուտինիոն:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

  • «Ատլետիկո Մադրիդի» անպարտելի շարքը Լա լիգայում կազմում է 9 խաղ
  • Լա լիգայում «Ատլետիկո Մադրիդը» հաղթել է տնային 8 խաղից 7-ում
  • «Բարսելոնան» Պրեմիերայի վերջին 9 խաղերում գոլ է բաց թողել
  • Անձնական հանդիպումներում կատալոնացիները զգալի առավելություն ունեն: Սակայն վերջին 5 խաղերում կատալոնացիները հաղթել են 2 անգամ, 2 անգամ գրանցվել է ոչ-ոքի, իսկ մադրիդյան ակումբը հաղթել է մեկ խաղում:

«Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպումը հետաքրքիր է այն պատճառով, որ այս թիմերն այս պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այս սկզբունքային մրցակիցները մյուս թիմերի ոչ այնքան վստահ խաղի ֆոնին անելու են ամեն բան առաջատարի տեղը զբաղեցնելու համար: Երկու թիմերիում էլ այժմ խնդիրներ կան պաշտպանական գծում, սակայն երկուսն էլ դեռևս շատ են գրավում մրցակիցների դարպասները: Այնպես որ, հետաքրքիր խաղը երաշխավորվում է:

Հիշեցնենք, որ «Ատլետիկո Մադրիդ»-«Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս