ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից հետաքրքրվել են Սամվել Մայրապետյանի խնդրով
Հայկական երկրորդ հեռուստաալիքում այսօր հանդիպում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հիմնականում հետաքրքրվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի կալանավորման մանրամասներով: Շավարշ Գևորգյանը պատասխանել է ԵԱՀԿ վերլուծաբանին հետաքրքրող հարցերին, նաև ներկայացրել Մայրապետյանի կալանավորման օրվանից մինչև այս պահը զարգացած իրադարձությունների մանրամասները:
Իվան Գոդարսկուն ներկայացվել են Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի տակ լինելը փաստող, Մայրապետյանի կողմից հ/ը-թյան ֆինանսավորումը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները: Հյուրի խնդրանքով դիտորդական առաքելության ներկայացուցչին են ներկայացվել նաև Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված միջնորդությունների պատճենները: Ներկայացվել են բացառապես նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթեր:
Շավարշ Գևորգյանը հյուրին նաև իր մտահագությունն է հայտնել ընդրություններին ընդառաջ հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախաձեռնությամբ:
Վերջում զրուցակիցներն անդրադարձել են նաև սպասվող արտահերթ ընտրություններին հեռուստաընկերության լուսաբանումների հարցին և հնարավոր խնդիրներին: