Փոփոխվել է տարվա լավագույն մարզիկի ընտրության կարգը
Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը կրկին փոփոխության է ենթարկվել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: «Ինչպես անցած տարի, այս տարի ևս SMS հաղորդագրությունների միջոցով հանրությունը կընտրի իր լավագույններին, մարզական լրագրողները՝ իրենց և այս տարի ավելացել է ևս մեկ քվեարկող կողմ` մասնագետները` այսինքն, ֆեդերացիայի ներկայացուցիչները կամ գլխավոր մարզիչները»,-շեշտեց նա:
Ղազարյանի խոսքով` այս տարի լինելու են 10-ը լավագույններ, և չեն լինելու առաջին, երկրորդ կամ երրորդ տեղը զբաղեցրած մարզիկներ:
Նախարարի պաշտոնակատարի կարծիքով` ընթացիկ տարվա լավագույն մարզիկը աշխարհի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է:
Քվեարկությունը կավարտվի 2018 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին: