«Թեհրանը կարող է փոխել դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ». Զարիֆ
Թեհրանը կարող է փոխել դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ, եթե Իրանի քաղաքացիներն զգան, որ այն չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին: Այդ մասին, ինչպես նոյեմբերի 23-ին հայտնել Է PressTV հեռուստաալիքը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Մենք կողմնորոշվում ենք ժողովրդի դիրքորոշմամբ: Հենց այդ գործոնն է հանգուցային,-ասել է Զարիֆը:-Եթե Իրանի քաղաքացիները գտնեն, որ գործարքը չի համապատասխանում իրենց տնտեսական շահերին, ապա մենք ստիպված կլինենք կատարել ժողովրդի կամքը»:
Նախարարն ընդգծել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ նոր բանակցություններ սկսելն իմաստ չունի:
«Ինչու մենք պետք է բանակցությունները վերսկսենք միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկն ատում է իր նախորդին»,-ասել է Զարիֆը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անբարյացակամությունը Սպիտակ տան նախորդ ղեկավար Բարաք Օբամայի նկատմամբ, որի օրոք կնքվել է ԳՀՀԾ-ն: Նախարարը հավելել է, որ «դիվանագիտական մակարդակով նման պատճառը չի կարող բավարար համարվել, քանի որ դիվանագիտությունը լուրջ խաղ է», հաղորդել է ՏԱՍՍ-ը: