Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել Նոր Նորքի նորանշանակ թաղապետը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Բացի այդ, հայտարարագրել է նաև «TOYOTA COROLLA 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Հայկ Մհրյանի դրամական միջոցները կազմել են 49 000 ԱՄՆ դոլար և 8500 եվրո:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 918 620 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 567 500 ՀՀ դրամ: Կենսաթոշակից ստացած եկամուտը կազմել է 1 451 120 ՀՀ դրամ:

Ստացված փոխառությունները (վարկերը) կազմել են 395 000 ՀՀ դրամ, 140 000 ՀՀ դրամ և 365 000 ՀՀ դրամ:

Նշենք, որ Հայկ Մհրյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել հոկտեմբերի 29–ին: Հրապարակված կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ նա ոստիկանության փոխգնդապետ է և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների, պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով և մեդալներով»:

Տեսանյութեր

Լրահոս