Բաժիններ՝

Առաջին շաբաթվա ընթացքում Միշել Օբամայի գրքի ավելի քան 1,4 մլն օրինակ է վաճառվել

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի «Ձեւավորում» հուշերի գիրքը, որը հրապարակվել է նոյեմբերի 13-ին, հիթ է դարձել ԱՄՆ-ում եւ Կանադայում, որտեղ առաջին յոթ օրում դրա ավելի քան 1,4 մլն օրինակ է վաճառվել տպագիր ու թվային ձեւով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Crown Publishing Group հրատարակչական տանը:

Նշվում է, որ արդեն առաջին օրը վաճառվել էր հուշագրությունների ավելի քան 725 հազար օրինակ: Գործակալույթան տվյալներով՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ հուշագրությունները նաեւ մեծահասակների լսարանի համար ոչ գեղարվեստական գրականության ժողովրդականության վարկանիշների առաջին հորիզոնականներն են զբաղեցնում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Դանիայում եւ Ֆինլանդիայում:

Ինչպես գրում է գործակալությունը, «Ձեւավորում» գրքի վաճառքների տեմպերն զգալիորեն ավելի բարձր են, քան մյուս առաջին տիկինների՝ ավելի վաղ հրապարակված հուշերը: Այսպես, օրինակ, Հիլարի Քլինթոնի՝ 2003 թվականին լույս տեսած «Իմ կյանքի պատմությունը» գիրքը մեկնարկային շաբաթվա ընթացքում վաճառվել էր 600 հազար օրինակ թվաքանակով:

54-ամյա Միշել Օբաման, որը մասնագիտությամբ իրավաբան է, ԱՄՆ-ի առաջին տիկինն է եղել 2009-2017 թվականներին, երբ նրա ամուսինը՝ դեմոկրատ Բարաք Օբաման, զբաղեցնում էր ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը: Զույգն ամուսնացել է 1992 թվականին: Նրանք ունեն երկու դուստր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս