ՄԱԳԱՏԷ-ն հաստատեց Իրանի կողմից միջուկային գործարքով պարտավորությունների կատարումը
Ատոմային 1ներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հերթական անգամ հաստատել է, որ Իրանը շարունակում է կատարել այն պարտավորությունները, որոնք տրվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:
Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: «Իրանը կատարում է միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունները Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Շատ կարեւոր է, որ Իրանը շարունակի ամբողջությամբ կատարել այդ պարտավորությունները»,- հայտարարել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում:
Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: