«Նրանք փրկեցին մեր ամբողջ շրջանը». Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը միջոցներ են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, ինչպես նաեւ Yeezy եւ Adidas բրենդները 500 հազար դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայում հրդեհներից տուժածներին օգնելու համար։
«Իմ ամուսինը՝ Քանյեն, Yeezy-ը եւ Adidas-ը 200 հազար դոլար են նվիրաբերում Կալիֆոռնիայի հրշեջներին… Եվ մենք նույնպես եւս 200 հազար դոլար ենք նվիրաբերում անտառային հրդեհներից տուժածների օգնության California Community Foundation կազմակերպության հիմնադրամին»,-հայտարարել է Քարդաշյանը «Շոու Էլեն Դեջեներես»-ի եթերում: Եվս 100 հազար դոլարի չեկ Քարդաշյանը փոխանցել է ընտանեկան մի զույգի, որը հրդեհի պատճառով կորցրել է իր տունը:
Քարդաշյանը նշել է, որ հրդեհը մոտեցել էր Կալիֆոռնիայում իր եւ Ուեսթի տանը, բայց հրշեջների շնորհիվ անվնաս է մնացել:
«Նրանք փրկեցին մեր ամբողջ շրջանը, մենք շատ շնորհակալ ենք նրանց»,-հայտարարել է աստղը: Ներկայում Կալիֆոռնիայում մոլեգնում են մի քանի խոշոր հրդեհներ: Նահանգի պատմության մեջ ամենաավերիչը դարձել է Camp հրդեհը, որը մոլագնում է Կալիֆոռնիայի հյուսիսում: Ընդհանուր առմամբ նահանգում տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ, զոհվել է առնվազն 84 հոգի: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հրդեհների պատճառով իրենց տներից զրկվել են շոտլանդացի հայտնի դերասան Ջերալդ Բաթլերը, կանադացի երաժիշտ Նիլ Յանգը եւ ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: